Անթույլատրելի է․ ՌԴ-ում ՀՀ դեսպանությունը մեկնաբանել է Նժդեհի մասին ֆիլմի շուրջ աղմուկը

ՌԴ–ում ՀՀ–ի դեսպանատուն
Դեսպանության կարծիքով՝ Հայաստանի անկախության համար պայքարած Նժդեհի հիշատակը փորձ է արվում պղծել որոշ շրջանակների կողմից։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 30 հունվարի –Sputnik․ ՌԴ-ում ՀՀ դեսպանությունը հայտարարություն է տարածել Մոսկվայում Գարեգին Նժդեհի մասին գեղարվեստական ֆիլմի ցուցադրության շուրջ արհեստական կրքեր բորբոքելու փորձերի վերաբերյալ:
Ֆիլմի ցուցադրությունը տեղի է ունեցել հունվարի 28-ին Ռուսաստանի հայերի միության երիտասարդական կենտրոնում, ինչը բուռն արձագանք է առաջացրել սոցցանցերում և որոշ լրատվամիջոցներում «ֆաշիզմի ջատագովության» համար:

«ՌԴ-ում ՀՀ դեսպանությունը կապի մեջ է ինչպես Ռուսաստանի հայերի միության, այնպես էլ ՌԴ տարածքում գործող հայկական այլ կազմակերպությունների հետ։ Դեսպանությունը նաև ուշադրությամբ հետևում է մամուլի հրապարակումներին և իր խորը մտահոգությունն է հայտնում Հայաստանի անկախության համար պայքարող Գարեգին Նժդեհի հիշատակը որոշ շրջանակների կողմից պղծելու փորձերի կապակցությամբ»,- նշված է հայտարարության մեջ։

Ընդգծվում է, որ նշված «որոշ շրջանակները» հետաքրքրված են հայ-ռուսական եղբայրական հարաբերությունների սևացմամբ։
Հայկական դիվանագիտական ներկայացուցչությունն անթույլատրելի է համարում այս թեմայի շահարկումը և կոչ է անում զերծ մնալ բացահայտ կեղծ և իրականությանը չհամապատասխանող տեղեկություններ տարածելուց:
Մարտունեցին կորոշի՝ տեղում թողնեն, թե թանգարան տեղափոխեն. Բալասանյանը՝ Նժդեհի արձանի մասին
Ավելի վաղ ՌՀՄ-ում ևս մեկնաբանել էին տեղի ունեցածը՝ հիշեցնելով, որ 1948 թվականին Նժդեհը դատապարտվել է ՌԽՖՍՀ Քրեական օրենսգրքի 4 հոդվածներով և ֆաշիստների հետ համագործակցության որևէ նշում չի եղել։ 1948թ. ապրիլի 24-ի մեղադրական դատավճիռը կայացրեց ոչ թե դատարանը, այլ ՊԱԿ հատուկ խորհրդակցությունը՝ 1920թ.հակահեղափոխական գործունեության համար։