ԵՐԵՎԱՆ, 29 հունվարի – Sputnik. Երևանի «Դինամո» մարզադահլիճում անցկացվեցին բռնցքամարտի Հայաստանի առաջնության եզրափակիչները։
Կանանց 48 կգ քաշային կարգում չեմպիոն դարձավ Լիլիթ Դալլաքյանը, որը հաղթեց Գայանե Տեր–Բարսեղյանին, 54 կգ քաշային կարգում Արևիկ Դոխոլյանը հաղթանակ տարավ Ջուլիետա Մարգարյանի նկատմամբ, 57 կգ քաշային կարգում Տաթևիկ Խաչատրյանն առավելության հասավ Նաթելլա Ճղրիկյանի նկատմամբ, իսկ 60 կգ քաշային կարգում Էլիդա Քոչարյանը պարտության մատնեց Մարիամ Օստրենկովային։
Նշենք, որ փետրվարի 7-ից Ծաղկաձորում մեկնարկելու է բռնցքամարտի ուսումնամարզական հավաք, իսկ փետրվարի 25-ից մարտի 9-ը տեղի կունենա ևս մեկ հավաք, որի ընթացքում շեշտը կդրվի արդեն կաշվե ձեռնոցի մեր վարպետների տակտիկատեխնիկական որակների հղկման վրա։
Այդպիսով՝ նրանք հետզհետե կներգրավվեն նոր մրցաշրջանում, որի առաջին կեսի գլխավոր մեկնարկը լինելու է մայիսի 21-31-ը Երևանում կայանալիք Եվրոպայի առաջնությունը։
Մինչև այդ՝ մարտի 11-24-ը, մեր բռնցքամարտիկները Խորվաթիայում կմասնակցեն մինչև 22 տարեկան մարզիկների Եվրոպայի առաջնությանը։