Հայ դիզայներներն առաջին անգամ իրենց արտադրանքը ներկայացրել են միջազգային ցուցահանդեսում

Հունաստանում ՀՀ դեսպանը հայ դիզայներների ու տեքստիլ արտադրողների հետ քննարկել է հայկական արտադրանքը ԵՄ արտահանելու վերաբերյալ հարցերն ու հավաստիացրել, որ կփորձի հնարավորինս աջակցել նրանց։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 29 հունվարի – Sputnik. Հունաստանի մայրաքաղաք Աթենքում անցկացվել է նորաձևության միջազգային ցուցահանդես, որին առաջին անգամ 12 հայկական ապրանքանիշ է ներկայացվել։ Տեղեկությունը Facebook–ի էջում հայտնում է Հունաստանում ՀՀ դեսպանատունը։
Հայկական արտադրանքը Աթենքի նորաձևության միջազգային ցուցահանդեսում
Նշվում է, որ Հունաստանում ՀՀ արտականգ և լիազոր դեսպան Տիգրան Մկրտչյանը, եղել է ցուցահանդեսում, ողջունել հայկական պատվիրակության ներկայացուցիչներին` մաղթելով հաջողություն և հետագա համագործակցության հեռանկարային ձեռքբերումներ։
Հայկական արտադրանքը Աթենքի նորաձևության միջազգային ցուցահանդեսում
Դեսպանը ծանոթացել է ցուցադրվող ապրանքատեսակներին և զրուցել հայ դիզայներների հետ։ Զրույցի ընթացքում քննարկվել են բազմաբնույթ հարցեր, որոնք կապված են հայկական տեքստիլ արտադրանքը ԵՄ արտահանելու հետ։ Մկրտչյանն իր կողմից հավաստիացրել է, որ հնարավորինս կաջարկցի հայ դիզայներներին ու տեքստիլ արտադրողներին։
Միջոցառումն իրականացնում է Նորաձևության և դիզայնի պալատը `Հունաստանի հագուստի արդյունաբերության ասոցիացիայի (HCIA) հետ համատեղ իրականացվող «Textile Alliances» նախաձեռնության շրջանակներում։
Հայկական տաղավարը այցելուների համար բաց է լինելու մինչև հունվարի 30-ը ներառյալ։