«Expo 2020 Dubai»–ում կնշվի Հայաստանի ազգային օրը. Քերոբյանը ելույթ կունենա

Ցուցահանդեսում յուրաքանչյուր պետության ընձեռված է իր ազգային օրն առանձին տոնելու հնարավորություն։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 29 հունվարի – Sputnik. Վաղը` հունվարի 30-ին, «Expo 2020 Dubai» համաշխարհային ցուցահանդեսում կնշվի Հայաստանի ազգային օրը։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ էկոնոմիկայի նախարարության մամուլի ծառայությունը։

«Ազգային օրվան նվիրված միջոցառումների շարքը կմեկնարկի 10։15-ին ցուցահանդեսի գլխավոր՝ Ալ Վասլ Պլազա կենտրոնական հրապարակի բեմից՝ Հայաստանի Հանրապետության դրոշի բարձրացման արարողությամբ, որին կհաջորդի ցուցահանդեսին Հայաստանի մասնակցության կազմակերպման աշխատանքների գլխավոր հանձնակատար, ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանի ելույթը»,–նշվում է հաղորդագրության մեջ

Պաշտոնական բացման արարողությունից հետո ողջ օրվա ընթացքում կկազմակերպվեն մի շարք մշակութային միջոցառումներ տարբեր երկրներից ժամանած այցելուների և հյուրերի համար։
Հավելենք, որ վեց ամիս տևողությամբ այս մեծամասշտաբ ցուցահանդեսում յուրաքանչյուր պետության ընձեռված է իր ազգային օրն առանձին տոնելու հնարավորություն։
Նշվում է, որ միջոցառումներին կարելի է հետևել առցանց` անցնելով հետևյալ հղումով։