Բայդենը հայտարարել է, որ զորք կուղարկի Արևելյան Եվրոպա և ՆԱՏՕ-ի երկրներ

ԱՄՆ-ն և ՆԱՏՕ-ն Ռուսաստանին են փոխանցել անվտանգության հարցերով առաջարկության պատասխանները։ ՌԴ Փոխարտգործնախարար Սերգեյ Գրուշկոն նշել է, որ Մոսկվան կուսումնասիրի ստացված փաստաթղթերը։ Վաշինգտոնը հայտարարել է, որ չի հրապարակելու պատասխանները և նույնը սպասում է Մոսկվայից։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 29 հունվարի – Sputnik. ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ ամերիկացի զինծառայողները մոտ ժամանակներս կմեկնեն ՆԱՏՕ-ի արևելաեվրոպական երկրներ:
Սպիտակ տան տվյալներով՝ դաշինքի «արևելյան ճակատի» ուժեղացման բարձր պատրաստության վիճակում են գտնվում ԱՄՆ-ի 8,5 հազար զինվորականներ։

«Ես մոտակա ժամանակներս զորքեր կուղարկեմ Արևելյան Եվրոպա, ՆԱՏՕ-ի երկրներ։ Ոչ մեծաթիվ»,-մեջբերում է ՌԻԱ Նովոստին Բայդենի խոսքերը։

Ամերիկյան իշխանությունները նշում են, որ 8,5 հազար զինծառայողներից բաղկացած զորակազմը նախատեսված է Հյուսիսատլանտյան դաշինքի հովանու ներքո դաշինքի անդամ երկրների տարածքում հնարավոր տեղակայման համար, այն երկրների, որոնք Ուկրաինայի շուրջ իրադրության լարվածության աճի պայմաններում վախենում են իրենց անվտանգության համար։
Արևելյան Եվրոպայում ՆԱՏՕ-ի ուժերի ավելացման հարցը քննարկվել է ԱՄՆ-ի և և ալյանսի դաշնակիցների հետ Ռուսաստանի բանակցությունների ընթացքում: Մոսկվան, մասնավորապես, պնդում էր արևելյան ուղղությամբ դաշինքը չընդլայնելու և ՌԴ-ին սահմանակից պետություններում դաշինքի ռազմական ենթակառուցվածք չտեղակայելու անհրաժեշտությունը:
ԱՄՆ–ի և ՆԱՏՕ-ի պատասխանը անվտանգության խնդիրները «ճահճացնելու» փորձ է
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ հեռախոսազրույցի ժամանակ նշել է, որ «ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի պատասխաններում հաշվի չեն առնվել Ռուսաստանի այնպիսի սկզբունքային մտահոգությունները, ինչպիսիք են Ռուսաստանի սահմանների մոտ հարվածային համակարգերի տեղակայումից հրաժարվելը, ՆԱՏՕ-ի ընդլայնումը թույլ չտալը, ինչպես նաև Եվրոպայում դաշինքի ռազմական ներուժի և ենթակառուցվածքի վերադարձը 1997 թվականի դիրքերին»։
Ավելի վաղ ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովն ընդգծել էր ԵԱՀԿ և Ռուսաստան-ՆԱՏՕ փաստաթղթերում ամրագրված հիմնարար սկզբունքի պահպանման անհրաժեշտությունը, որը թույլ չի տալիս սեփական անվտանգության ամրապնդումը այլ երկրների անվտանգության հաշվին: