«Ապրում ենք շատ բարդ ժամանակաշրջանում». ԱՀ նախագահն ասել է` ինչ խնդիր ունի Արցախի բանակը

Արայիկ Հարությունյանը հանդիսավոր պայմաններում պաշտպանության նախարար-պաշտպանության բանակի հրամանատար Կամո Վարդանյանին է հանձնել գեներալ-լեյտենանտի զինվորական կոչման ուսադիրները։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 29 հունվարի – Sputnik Բարեփոխումները, որոնք սկսված են բանակում, հաջողությամբ ավարտին են հասցվելու։ Այս մասին ԱՀ պաշտպանության նախարարությունում 2022թ.-ի անելիքներին նվիրված ռազմական խորհրդի նիստի ժամանակ ասել է ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը։

«Մենք ապրում ենք շատ բարդ մի ժամանակաշրջանում, երբ գլոբալ մարտահրավերները ստիպում են ունենալ պաշտպանական անվտանգային ավելի հուսալի համակարգ: Մենք գիտակցում ենք, որ, ռուսական խաղաղապահ զորակազմի գործունեությանը զուգահեռ, պետք է կատարելագործենք նաև մեր ունեցած պաշտպանական ռեսուրսները, որպեսզի տարածաշրջանում կարողանանք տևական կայունություն ապահովել»,- ասել է նախագահը:

Բանակի բարձրագույն հրամկազմին ուղղված իր խոսքում երկրի ղեկավարը շնորհավորել է Հայրենյաց պաշտպանի տոնի կապակցությամբ, նշել, որ Հայրենիքի անվտանգության գործում Պաշտպանության բանակը շարունակում է իր առանցքային դերակատարությունն ունենալ և իշխանությունների կողմից ներդրվելու են առավելագույն ջանքեր բանակաշինության, ինչպես նաև զինվորականների սոցիալ-տնտեսական խնդիրները լուծելու համար:
ԱՀ պաշտպանության նախարար Կամո Վարդանյանին գեներալ- լեյտենանտի զինվորական կոչում է շնորհվել
Հանդիպման ընթացքում Արայիկ Հարությունյանը հանդիսավոր պայմաններում պաշտպանության նախարար-պաշտպանության բանակի հրամանատար Կամո Վարդանյանին է հանձնել նաև գեներալ-լեյտենանտի զինվորական կոչման ուսադիրները, որի վերաբերյալ հրամանագիրը ստորագրել էր ավելի վաղ։