Արցախի նախագահը մեդալներ և կոչումներ է շնորհել մի խումբ մարզիկների և մարզիչների

Արցախի նախագահը նշել է, որ իրենք շարունակելու են հատուկ ուշադրության կենտրոնում պահել ֆիզիկական կուլտուրայի և սպորտի ոլորտը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 29 հունվարի – Sputnik. Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հունվարի 29-ին պարգևատրել է 2021 թվականին հայրենական և միջազգային հարթակներում մրցանակային տեղեր զբաղեցրած արցախցի մարզիկներին և նրանց մարզիչներին։ Տեղեկությունը հայտնում են ԱՀ նախագահի աշխատակազմից։
Նրանք արժանացել են նաև դրամական խրախուսման։
Օլիմպիական խաղերից ու տարբեր առաջնություններից մեդալ բերած մարզիկներին դրամական պարգև կտան
Հարությունյանը գրանցած հաջողությունների առթիվ շնորհավորել է Արցախի մարզիկներին` նշելով, որ նրանք մեծապես նպաստում են հանրապետությունում սպորտի զարգացմանն ու աշխարհում երկիրն արժանավայել ներկայացնելու գործին:

«Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի զարգացման, մարզական հերթափոխի պատրաստման գործում ունեցած ավանդի համար Արցախի նախագահը ոլորտի մի խումբ ներկայացուցչի հանձնել է մեդալներ, ինչպես նաև Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի վաստակավոր գործչի ու Վաստակավոր մարզչի կոչումների վկայականներ»,– նշված է հաղորդագրությունում:

Երկրի ղեկավարը շեշտել է, որ հանրապետության իշխանությունները շարունակելու են հատուկ ուշադրության կենտրոնում պահել ֆիզիկական կուլտուրայի և սպորտի ոլորտը՝ անհրաժեշտ պայմաններ ստեղծելով այդ բնագավառի զարգացման համար:
Միջոցառմանը ներկա են եղել նաև ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը, պետնախարար Արտակ Բեգլարյանը, կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Լուսինե Ղարախանյանը: