44-օրյա պատերազմին եվրոպական կառույցները զբաղված էին աչքակապությամբ. «Հայաստան» դաշինք

Քաղաքական ուժը նման արձանագրում է արել ԵԽԽՎ–ի` «Հայաստանում ժողովրդավարական ինստիտուտների գործունեությունը» թեմայով բանաձևի վերաբերյալ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 29 հունվարի – Sputnik. Արցախյան 44-օրյա պատերազմի ժամանակ եվրոպական կառույցները զբաղված են եղել և այժմ էլ զբաղված են խրախուսող աչքակապությամբ, իսկ արձագանքելիս փորձում են «հավասարության» նշան դնել Հայաստանի ու Ադրբեջանի միջև։ Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) «Հայաստանում ժողովրդավարական ինստիտուտների գործունեությունը» թեմայով բանաձևի վերաբերյալ նման արձանագրում է արել «Հայաստան» դաշինքը։

«44-օրյա պատերազմի սանձազերծումը, ադրբեջանա-թուրքական ագրեսիան, Ադրբեջանի կողմից միջազգային հումանիտար սկզբունքների կոպիտ խախտումները, մինչ օրս հայ ռազմագերիների առկայության փաստը, պատերազմից հետո Հայաստանի սուվերեն տարածքի նկատմամբ շարունակական ագրեսիայի իրականացումը վկայում են այն մասին, որ այդ ամենն անեթեթություն է։ Ռազմագերիների ապօրինի պահման վերաբերյալ նույն կառույցը հանդես է եկել պետության նկատմամբ կոնկրետ սահմանափակումների առաջարկով, իսկ այս դեպքում Ադրբեջանին ու Թուրքիային անպատժելիության ուղերձ է հղում»,– ընդգծում են «Հայաստան» դաշինքից:

Քաղաքական ուժի արձանագրումներից մեկն էլ այն է, որ, իրենց ձևակերպմամբ, ԵԽԽՎ-ն որևէ կերպ չի անդրադարձել նախընտրական և հենց ընտրությունների օրը վարչական ռեսուրսի օգտագործմանն ու ընտրական օրն արձանագրված այլ խախտումներին, շուրջ 6 ամիս ԱԺ 3 ընդդիմադիր պատգամավորի ապօրինի կալանավորմանը, ընդդիմադիր պատգամավորների տեղաշարժի հակասահմանադրական սահմանափակմանը, 2021 թվականին կատարված 80%-ից ավելի կալանավորումներին, քաղաքական հետապնդումներին:
«Հայաստան» դաշինքը կասեցնում է մասնակցությունը միջազգային կազմակերպություններին. ինչո՞ւ
Նշվում է, որ ԵԽԽՎ-ն նաև չի արձագանքել դատարանների էլեկտրոնային մակագրման համակարգի՝ շուրջ 8 ամիս բոլոր գործերի «ձեռքով» մակագրման հակասահմանադրական պրակտիկային կամ ՏԻՄ ընտրությունների ու հետընտրական փուլում ընտրողների կամքի անտեսման փաստերին:
«Հայաստան» դաշինքը շեշտում է, որ ԵԽԽՎ-ն «ժողովրդավարական» է համարում խոսքի ազատության նոր սահմանափակումները և չի էլ նկատել լրագրողների իրավունքների խախտման դեպքերը Ազգային ժողովում:
Հայտնում են, որ թվարկված բոլոր խնդիրների փաստական հանգամանքները դեռևս 2021 թվականի նոյեմբերի 4-ին ներկայացվել էին ԵԽԽՎ-ին թե՛ բանավոր, և թե՛ գրավոր կարգով: