Զելենսկին Դնեպրի ողբերգությունից հետո փոխել է Ազգային գվարդիայի հրամանատարին

Գեներալ-լեյտենանտ Յուրի Լեբեդը դարձել է Ուկրաինայի Ազգային գվարդիայի հրամանատարի պաշտոնակատար։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 28 հունվարի – Sputnik. Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հրամանագիր է ստորագրել Նիկոլայ Բալանին Ուկրաինայի Ազգային գվարդիայի հրամանատարի պաշտոնից ազատելու մասին։ Մեկ այլ հրամանագրով նախագահը հրամանատարի պաշտոնակատար է նշանակել Յուրի Լեբեդին։ Փաստաթղթերը հրապարակվել են երկրի ղեկավարի կայքում։
Նիկոլայ Բալանը երեկ` հունվարի 27–ին, հայտարարել էր, որ հրաժարական է տվել Դնեպրում զինվորականների գնդակահարությունից հետո:

«Բալան Նիկոլայ Իվանովիչին հեռացնել Ուկրաինայի Ազգային գվարդիայի հրամանատարի պաշտոնից»,-ասվում է հրամանագրի տեքստում։

Ազգային գվարդիայի հրամանատարի պաշտոնակատար է նշանակվել գեներալ-լեյտենանտ Յուրի Լեբեդը։
Հիշեցնենք` երեկ` հունվարի 27–ին, Ազգային գվարդիայի զինվոր Արտեմի Ռյաբչուկը ինքնաձիգից կրակել էր գվարդիայի պահակային զորախմբի վրա, արդյունքում հինգ մարդ է զոհվել, ևս հինգը վիրավոր են։
Զոհերից չորսը զինվորականներ են, մեկը՝ քաղաքացիական անձ։ Կրակելուց հետո Ռյաբչուկը փախել է՝ զենքն իր հետ տանելով։
Կրակողին հաջողվել է ձերբակալել, այժմ նրան ցմահ բանտարկություն է սպասվում։ Ավելի վաղ «Страна.UA» ինտերնետ-պարբերականը հրապարակել էր Դնեպրում մարդկանց գնդակահարության տեսանյութը։
Ավելի ուշ ԶԼՄ-ներում տեսանյութ հայտնվեց, որում Ռյաբչուկը ցուցմունք է տալիս քննիչին և պատմում է տեղի ունեցածի մանրամասները։