ԵՐԵՎԱՆ, 28 հունվարի – Sputnik.Այսօր ունենք բանակ, որն այս պահին իր առջև դրված խնդիրները կատարելով՝ կդառնա այն բանակը, ինչը որ ժառանգություն է թողել Վազգեն Սարգսյանը։ Բանակի օրվա կապակցությամբ Եռաբլուրում լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը։
«Բայց դրա համար բոլորդ պետք է մեր նպատակները մեկտեղենք և դուրս գանք այն իրավիճակից, որի հետևանքով 44-օրյա պատերազմում պարտություն ունեցանք։ Դրա համար այն, ինչ նախանշված է կառավարության ծրագրում, պետք է դարձնենք իրողություն», - ասաց Քոչարյանը։
Նրա խոսքով՝ պետք է կառուցել այն բանակը, որը կլինի ժամանակակից սպառազինության, ինտելեկտուալ կարողությունների և իր առջև դրված խնդիրների կատարման տեսանկյունից անխոցելի։
Նշենք, որ այսօր` հունվարի 28–ին, նշվում է Հայոց բանակի կազմավորման 30–ամյակը։