Ինչպես հաղթեցինք 90–ականներին, երբ նույն իրավիճակն էր, կամ մի հետաքրքիր պատմություն

Եկեք անկեղծ լինենք։ Մեկ-մեկ երբ լսում ես՝ այս պատերազմում հայերի պարտությունը կանխորոշված էր, որովհետև հակառակորդի գերազանցությունն ակնհայտ էր, մարդ ուզում է հարցնել՝ կներեք էլի, իսկ այն առաջին պատերազմում հակառակորդի գերազանցությունն ակնհայտ չէ՞ր։
Sputnik
Այո՛, ոչ մեկի համար գաղտնիք չէ, որ այս անգամ հայերի դեմ կռվում էին նաև թուրքերը և վարձկան ահաբեկիչները, օդից խփում էին «Բայրաքթարները» և իսրայելական արտադրության անօդաչուները։ Բայց այն ժամանակ՝ 90-ականների առաջին կեսին էլ, հակառակորդը մեզնից մի քանի անգամ շատ զինամթերք ուներ՝ արկեր, փամփուշտներ, «Գրադի» հրթիռներ։ Ի վերջո, մեծ դժվարությամբ, հաճախ օգտագործելով նաև անձնական կապերը, հաջողվեց ինչ-որ չափով շտկել այս անհամամասնությունը։
Վարձկաններն այն ժամանակ էլ անպակաս էին։ Ինչ վերաբերում է ռազմական տեխնիկային, ապա ժամանակի ընթացքում Ստեփանակերտի գործարաններից մեկը վերածվեց վնասված տանկերի վերանորոգման ձեռնարկության,որի շնորհիվ կարգի էին բերվում նաև ադրբեջանական խփված հրասայլերը։
Բայց ամենավտանգավորը, այսպես ասած, օդային ճակատում ստեղծված իրավիճակն էր։ Ադրբեջանի տարածքում միշտ էլ ռազմական օդանավակայաններ եղել են, և խորհրդային զորքերի հեռանալուց հետո Բաքվի տրամադրության տակ էին մնացել մի քանի տասնյակ ինքնաթիռներ, որոնցով նրանք ռմբակոծում էին ոչ միայն Արցախը, այլև Հայաստանի սահմանամերձ բնակավայրերը։
Հայերը գրեթե ոչինչ չունեին, ավելին, սակավաթիվ ինքնաթիռներից մեկը հենց հայերն էլ խոցեցին։ Զավեշտի նմանվող այս իրական դրվագի մասին մի առիթով ինձ հենց այդ ինքնաթիռի օդաչուն է պատմել։ «Մի անգամ, երբ իրավիճակը Արցախի ճակատներից մեկում օրհասական դարձավ, հրամանատարությունը որոշեց այնուամենայնիվ օգտագործել ինքնաթիռներից մեկը, որոնք, այսպես ասած, «սև օրվա» համար էին նախատեսված։ Ինձ տվեցին այն հատվածի քարտեզը և կոորդինատները, որտեղ պիտի ռմբահարեի հակառակորդի դիրքերը, ու ես թռա։

Սակայն, տեղ հասնելով, բոլորովին այլ պատկեր տեսա՝ մերոնք առաջ էին շարժվել և, ինչպես երևում է, արդեն գրավել էին այն դիրքերը, որոնք պիտի ռմբակոծեի։ Որոշեցի մի պտույտ էլ գործել և այդ ընթացքում կապվել ու ճշտել հրամանատարությունից, թե ինչ անեմ։ Երբ մոտենում էի Ստեփանակերտին, ինձ խփեցին։ Հենց ղարաբաղցիները։ Դե ինչ անեին, մարդիկ պատերազմի ընթացքում օդում բացի ադրբեջանական ինքնաթիռներից և ուղղաթիռներից ոչինչ չէին տեսել։

Ինքնաթիռս ընկնում էր, վերջին պահին գործի դրեցի կատապուլտը և սկսեցի պարաշյուտով իջնել։ Վայրէջք կատարեցի «Տատիկ-պապիկի» արձանի մոտ, մեկ էլ տեսնեմ՝ դեպի ինձ են վազում ստեփանակերտցի կատաղած կանայք ու տուր թե կտաս՝ խփում էին ու «ադրբեջանցի մարդասպան» անվանում։ Հայերեն ասացի. «Ախր ես ադրբեջանցի չեմ, հայ եմ», բայց կանայք դրանից ավելի վրդովվեցին. «Տես, է՜, հերիք չի ադրբեջանցի է, դեռ հայերեն էլ խոսում է»։
Մի կերպ փրկվեցի, բայց ամենից շատ ուրախ եմ, որ ռումբեր չնետեցի, որոշեցի ճշտել։ Եթե հանկարծ պարզվեր, որ մեր տղերքին եմ ռմբակոծել, չեմ պատկերացնում, թե ինչպես պիտի ապրեի», - խոստովանեց օդաչուն։
Հիմա մենք երևի մոռացել ենք նաև, որ հայկական զինված ուժերը ստեղծվում էին թերահավատության պայմաններում, երբ շատերը չէին էլ հավատում, որ Հայաստանը կարող է իր սեփական մարտունակ ազգային բանակն ունենալ, որ հայ զինվորը հայ սպային պատիվ կտա։ Բայց սկսվեցին զորակոչերը, առաջինն ընդամենը 30 տոկոսով կատարվեց, երկրորդը՝ արդեն 90 տոկոսով, և կանոնավոր բանակի հիմքը դրված էր։
Եռաբլուր շատերն են գալիս, հատկապես հարսնացուները... նախկին
Մնում էր հոգատարությամբ շրջապատել նորածնին, ամեն ինչ անել, որ ամրանա ու հզորանա, որովհետև ախր բոլորս էլ գիտակցում էինք, որ վտանգը չի անցել, դարանակալել է։ Ի՞նչ արեցինք։ Սկսեցինք հանգստացնել հանրությանը մեր բանակի անպարտելիության մասին պնդումներով, ընկանք, պատկերավոր ասած, ելակի հետևից՝ փոխանակ ամենաարդիական զենքով ապահովեինք մեր պաշտպաններին։ Ավելին, հիմա էլ ինչ-ինչ պատճառներով ուզում ենք համոզել մարդկանց, որ հակառակորդի ճամբարից պարբերաբար հնչող ագրեսիվ ու նվաստացուցիչ սպառնալիքները ուղղակի էմոցիոնալ հայտարարություններ են։ Դատեք ինքներդ՝ արդյոք սա նպաստո՞ւմ է բանակի մարտունակության բարձրացմանը։
Լավ, չխորանանք, դեռ ժամանակ կունենանք մանրամասն վերլուծելու բանակաշինության 30-ամյա փորձը, իսկ այսօր պարզապես շնորհավորենք տղաներին և մաղթենք, որ պատվով վերադառնան իրենց սպասող ու իրենցով ամեն օր ապրող հարազատների մոտ։
Արցախի անվտանգության երաշխավոր բանակն այսօր ինքն ունի պաշտպանության կարիք․ Ռոբերտ Քոչարյան