ԵՐԵՎԱՆ, 28 հունվարի – Sputnik. Հունվարի 27-ին, ժամը 22։00-ի սահմաններում հայ-ադրբեջանական սահմանի հյուսիսարևելյան հատվածում մի քանի անկանոն կրակահերթ է արձակվել ադրբեջանական կողմից, որոնց հայկական ստորաբաժանումները չեն պատասխանել։ Տեղեկությունը հաստատում է ՀՀ Պն մամուլի ծառայությունը։
Նշվում է, որ Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունը, թե հունվարի 27-ին ՀՀ ԶՈւ ստորաբաժանումները կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի հյուսիս-արևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական մարտական դիրքերի ուղղությամբ՝ ապատեղեկատվություն է։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Ադրբեջանցիները կրակել են Տավուշի մարզի հայ-ադրբեջանական սահմանի ուղղությամբ։
Կրակոցները գիշերն էին հնչել։ Կարճ էին տևել, դիրքերի ուղղությամբ են կրակել, տուժածներ չկան։
Հիշեցնենք, որ 2021 թվականի մայիսի 12-ից ադրբեջանական զինուժը ներխուժել է Հայաստանի ինքնիշխան տարածք։ Նրանք գտնվում են Սյունիքի Սև լճի շրջանում՝ փորձելով ամրապնդվել այնտեղ, ինչպես նաև Գեղարքունիքի մարզում։
Մայիսի վերջին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ադրբեջանական կողմին առաջարկել էր զորքերը հայելային եղանակով հետ քաշել և այդ հատվածում միջազգային դիտորդներ տեղակայել սահմանների հետագա հստակեցման նպատակով: Առաջարկը դեռ անտեսվում է։