ԵՐԵՎԱՆ, 28 հունվարի – Sputnik. Ադրբեջանցիները կրակել են Տավուշի մարզի հայ-ադրբեջանական սահմանի ուղղությամբ։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեց Տավուշի մարզի Չինարի համայնքի ղեկավար Սամվել Սողոյանը:
«Կրակոցները գիշերն են հնչել։ Կարճ է տևել, դիրքերի ուղղությամբ են կրակել, տուժածներ չկան»,– ասաց նա։
Հիշեցնենք, որ 2021 թվականի մայիսի 12-ից ադրբեջանական զինուժը ներխուժել է Հայաստանի ինքնիշխան տարածք։ Նրանք գտնվում են Սյունիքի Սև լճի շրջանում՝ փորձելով ամրապնդվել այնտեղ, ինչպես նաև Գեղարքունիքի մարզում։
Մայիսի վերջին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ադրբեջանական կողմին առաջարկել էր զորքերը հայելային եղանակով հետ քաշել և այդ հատվածում միջազգային դիտորդներ տեղակայել սահմանների հետագա հստակեցման նպատակով: Առաջարկը դեռ անտեսվում է։