ԵՐԵՎԱՆ, 28 հունվարի – Sputnik. ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը Եռաբլուրում լրագրողների հետ զրույցում ասաց, որ ինքընույնպես կորոնավիրուսի ախտորոշման թեստ է հանձնել։
Հայտնել էինք, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ինչպես նաև ԶՈւ բարձրաստիճան մի շարք պաշտոնյաներ կորոնավիրուսով են վարակվել։ Օրերս նրանք բոլորով ներկա են եղել պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հարսանիքին։
«Ես թեստ եմ հանձնել և պատասխանը բացասական է եղել։ Բայց ես կորոնավիրուսով վարակվել եմ, պատվաստվել եմ արդեն չորրորդ դեղաչափով։ Առաջին երկու դեղաչափը «Սպուտնիկով» եմ պատվաստվել, բայց հետո փոխեցի, քանի որ բժիշկները նման խորհուրդ տվեցին, որ պետք է զույգերը փոխել»,-ասաց Գրիգորյանը։
Հարցին, թե Պապիկյանի հարսանիքի մասնակցությո՞ւնն է նշանակություն ունեցել, որ այդքան շատ մարդ կորոնավիրուսով է վարակվել՝ Գրիգորյանը պատասխանեց, թե բժիշկ չէ և չի կարող ախտորոշումներ անել։
«Դուք կարծում եք՝ աշխարհում կորոնավիրուսը տարածվել է Սուրեն Պապիկյանի հարսանիքի՞ց։ Աշխարհում, այդ թվում Հայաստանում, վստահեցնում եմ, որ նրա պատճառով չէ»,-ասաց փոխվարչապետը։
Նրա խոսքով՝ այսօր երեկոյան փակ տարածքում պետք է զինվորականների ընդունելություն լիներ, սակայն հետաձգվել է բարձրաստիճան պաշտոնյաների՝ կորոնավիրուսով վարակված լինելու պատճառով։
Հայտնել էինք, որ Սուրեն Պապիկյանը նույնպես Եռաբլուր է այցելել․ երեկ Sputnik Արմենիայի հետ զրույցում ՀՀ պաշտպանության նախարարությունից հայտնել էին, որ Պապիկյանն իրեն լավ է զգում, բայց պատրաստվում է կորոնավիրուսի թեստ հանձնել։