ԵՐԵՎԱՆ, 28 հունվարի – Sputnik. Այս պահին ամենաբարձր մակարդակով երկաթգծի հետ կապված կա փոխըմբռնում և դա հաստատված է հայտարարություններով։ Եռաբլուրում լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը՝ խոսելով տարածաշրջանում ճանապարհների ապաշրջափակման թեմայից։
«Երկաթգծի հետ կապված իրավիճակը շատ դրական առաջընթաց է։ Բացի այդ, այս պահին ավելի շատ իրականացվում է փորձագիտական աշխատանք, որի արդյունքներում հետագա մեր հանդիպումների մասին կտեղեկացնեմ»,-ասաց Գրիգորյանը։
Նրա խոսքով՝ երկաթգիծն արդեն իսկ կառուցողական գործ է։ Փոխվարչապետը նշեց, որ այս փուլում եռակողմ աշխատանքային խումբն աշխատանքներ է իրականացնում, որոնք շատ կոնկրետ են և հստակ նպատակներ են հետապնդում։ Դա, ըստ նրա, երկաթգծի կառուցում է այն հատվածներում, որոնք ՀՀ-ինն են։
Հիշեցնենք` ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Վահան Հունանյանը հայտնել էր` 2021–ի նոյեմբերի 26-ի Սոչիի հայտարարությամբ ևս մեկ անգամ վերահաստատվում է 2021թ.–ի հունվարի 11-ի հայտարարությամբ արձանագրված` տարածաշրջանում տրանսպորտային բոլոր ուղիների ու տնտեսական կապերի ապաշրջափակման դրույթը և հերթական անգամ հերքվում են «միջանցքի» կամ միջանցքային տրամաբանության մասին տարածվող քարոզչական թեզերը: