Բանակը մեզ տվել է ոգի. Վիտալի Բալասանյանը սահմանների անառիկություն է մաղթում

Արցախի անվտանգության խորհրդի քարտուղարն ընդգծել է` պատմությունը բազմիցս ցույց է տվել, որ հատկապես Արցախի պարագայում հայրենիքը պաշտպանելու կոչին զինվորագրվել ենք ազգովի։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 28 հունվարի – Sputnik. Թշնամու ոտնձգություններին արժանի հակահարված տալով՝ բանակը մեզ տվել է հաղթանակների ոգի, երկիրը շենացնելու հնարավորություն։ Հայոց բանակի կազմավորման 30-ամյակի կապակցությամբ հղած ուղերձում ասել է Արցախի անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանը։

«Պատմությունը բազմիցս ցույց է տվել, որ հատկապես Արցախի պարագայում հայրենիքը պաշտպանելու կոչին զինվորագրվել ենք ազգովի՝ միասնաբար պայքարելով սեփական երկրում ազատ ապրելու անխախտելի իրավունքի իրացման համար։ Հայրենյաց պաշտպանների շարքում առանձնահատուկ է բանակը, որն ունի փառապանծ մարտական ուղի»,- ասում է Բալասանյանը։

Նրա խոսքով՝ հայրենիքի համար մղված պայքարի ընթացքում, ցավոք, ունեցել ենք բազմահազար նահատակներ, առանձնահատուկ երախտագիտությամբ պետք է հիշենք հերոսածին մեր մայրերին, նրանց անսահման համբերությունն ու նվիրումը։
Բալասանյանը նշում է, որ հատկապես այսօր մեր գնահատանքը պետք է հայտնենք նրանց, ովքեր իրականացնում են հայրենիքի պաշտպանության առաքելությունը։ Նա հայոց երկրի սահմանների անառիկ պահպանություն է մաղթում բոլորիս։
Արցախի անվտանգության երաշխավոր բանակն այսօր ինքն ունի պաշտպանության կարիք․ Ռոբերտ Քոչարյան
Նշենք, որ այսօր` հունվարի 28–ին, նշվում է Հայոց բանակի կազմավորման 30–ամյակը։