ԵՐԵՎԱՆ, 28 հունվարի – Sputnik. Հայոց բանակի օրը, որ ոչ վաղ անցյալում համազգային մեծ տոն էր, արդեն երկու տարի մթագնել է։ Բանակի կազմավորման 30-ամյակի առիթով հրապարակած ուղերձում նման տեսակետ է հայտնել «Հայրենիք» կուսակցության նախագահ, ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանը։
«Այս օրը ևս մեկ առիթ է հիշելու, գնահատելու և խոնարհվելու այն հազարավոր հայորդիների առաջ, ովքեր իրենց կյանքն են տվել մեր հայրենիքի պաշտպանության համար, ովքեր բավականին բարդ ու դժվարին պայմաններում ծառայել են և ծառայում են մեր հայրենիքին»,– նշում է Վանեցյանը` հավելելով, որ բանակն այսօր դժվարին կացության մեջ է, իսկ երկրի առաջ ահռելի անվտանգային մարտահրավերներ են ծառացած:
Նրա դիտարկմամբ, խնդիրների մեծ մասը քաղաքական են, քաղաքական ղեկավարության ապիկարության հետևանք: Մինչդեռ, բանակի ու զինվորի ոգին նույնն է, նրանք պատրաստ են նույն նվիրումով պաշտպանելու հայրենիքը:
«Մեր բանակն, այո՛, այսօր վիրավոր է, սակայն այն կա և, վստահ եմ, դառնալու է ավելի ուժեղ, ավելի մարտունակ: Առաջիկա տարիների պետական կառավարումը պետք է իրականացվի՝ «Ամեն ինչ զինվորի համար, ամեն ինչ բանակի համար» կարգախոսով: Հակառակ դեպքում մենք այս տարածաշրջանում որպես պետություն, որպես ինքնուրույն սուբյեկտ ուղղակի այլևս ասելիք չենք ունենա: Ուստի, յուրաքանչյուրիս խնդիրն է անել հնարավոր ամեն բան բանակը վերակառուցելու, այն ավելի ուժեղ դարձնելու համար»,– նշում է Վանեցյանը:
Ընդդիմադիր քաղաքական գործիչը նաև հայտնում է, որ այս խորհրդանշական օրն իրենք մեկնել են առաջնագիծ` իրենց հավատարմությունն ու սատարումը վերահաստատելու զինվորականներին և Հայոց բանակին: