ԵՐԵՎԱՆ, 28 հունվարի – Sputnik. Հայոց բանակի կազմավորման օրը նշում ենք բանակի համար ամենածանր պայմաններում։ Բանակի կազմավորման 30-ամյակի կապակցությամբ հղած իր ուղերձում գրել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։
«Դժվար չէ հասկանալ այն մարդկանց ապրումները, որոնք ներդրում են ունեցել արցախյան առաջին պատերազմի ժամանակ ստեղծված և քայլ առ քայլ կայացած մեր բանակի ճակատագրի մեջ։ Տարածաշրջանում խաղաղության երբեմնի երաշխավոր, Արցախի անվտանգության երաշխավոր բանակն այսօր ինքն ունի պաշտպանության կարիք»,-նշել է Քոչարյանը։
Նա լիահույս է, որ բանակն ի վերջո դարձյալ կուղղի մեջքը և կդառնա մեր ժողովրդի անվտանգության լիարժեք երաշխավորը:
Նշենք, որ այսօր` հունվարի 28–ին, նշվում է Հայոց բանակի կազմավորման 30–ամյակը։