Ահազանգ եղել է, կողմերը հերքել են. Արցախի ոստիկանությունը` աղմկահարույց պատմության մասին

Արցախի ոստիկանություն. Արխիվային լուսանկար
Ըստ մամուլի` Բաբայանի որդու ու Արթուր Օսիպյանի միջև ծեծկռտուքի վերածված կոնֆլիկտի պատճառը եղել է այն, որ Օսիպյանը կտրուկ ճամբարափոխ է եղել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 28 հունվարի – Sputnik. Արցախի ներքին գործերի նախարարությունը մեկնաբանել է օրեր առաջ տարածված լուրերը Արցախի ՊԲ նախկին հրամանատար Սամվել Բաբայանի որդու ու նրա մերձավորների կողմից արցախցի քաղաքական ակտիվիստ Արթուր Օսիպյանի նկատմամբ բռնություն գործադրելու մասին:
ԱՀ ոստիկանությունը հայտնում է, որ մամուլում նշված օրը` հունվարի 23-ին, ժամը 18:55-ին, իսկապես ահազանգ է ստացվել այն մասին, որ Ստեփանակերտ քաղաքի Տերյան փողոցում վիճաբանություն է տեղի ունեցել:

«Ոստիկանության ծառայողները հանդիպել են 2 կողմերին, իրականացրել պարզաբանումներ և առաջարկել հանցագործության մասին հաղորդում ներկայացնել։ Բայց կողմերը կտրականապես հրաժարվել են` հերքելով, ծեծկրտուքի մասին տեղեկությունը»,– հայտնում է ոստիկնությունը` ըստ էության ո՛չ հերքելով ու ո՛չ էլ հաստատելով լուրերը:

Նշենք, որ ըստ մամուլի` Բաբայանի որդու ու Արթուր Օսիպյանի միջև ծեծկռտուքի վերածված կոնֆլիկտի պատճառը եղել է այն, որ Օսիպյանը կտրուկ ճամբարափոխ է եղել։ Մինչև Արայիկ Հարությունյանի նախագահ դառնալը նա Բաբայանի թիմակիցն էր, իսկ Հարությունյանի նախագահ դառնալուց հետո տեղափոխվել է նրա ճամբար։
Օսիպյանը տարբեր առիթներով քննադատաբար է արտահայտվել Բաբայանի հասցեին։
Մամուլը նաև Արցախի իրավապահների լռությունը բացատրում էր նրանով, որ վերջինները սպասում են ԱՀ Նախագահի հրահանգին։