Աչքիս առաջ երազանքներով, վաղվա օրվա նկատմամբ հավատով Աբգարս և մյուս հերոսներն են. Նազարյան

ԱԺ պատգամավոր Գեղամ Նազարյանն արցախյան 44-օրյա պատերազմում որդի է կորցրել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 28 հունվարի – Sputnik. Հայ զինվորը չի պարտվել պատերազմում։ Facebook-ի իր էջում շնորհավորելով Հայոց բանակի օրը, այս մասին գրել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանը, որի կրտսեր որդին՝ Աբգարը, զոհվեց արցախյան 44-օրյա պատերազմում:
Արցախի անվտանգության երաշխավոր բանակն այսօր ինքն ունի պաշտպանության կարիք․ Ռոբերտ Քոչարյան
«Բանակ՝ տոնդ շնորհավոր։ Իմ վիրավոր, վնասված, հիվանդ, բայց ուժեղ բանակ՝ շնորհավոր։ Ամենադժվար շնորհավորանքն է։ Ի՞նչ գրես, ի՞նչ ասես։ Աչքիս առաջ երազանքներով և վաղվա օրվա նկատմամբ հավատով Աբգարս ու մյուս հերոսներն են։ Աչքիս առաջ երեկ սահմանին կանգնած, մեր Տավուշ աշխարհի սահմանը հսկող աբգարներն են՝ մեկը մեկից հետաքրքիր, մեկը մեկից լավը։ Իմ դիպուկահար Աբգարի փոխարեն մեկ այլ հրաշք դիպուկահար Աբգար էր այնտեղ։ Զոհված հրամանատարներին փոխարինել էին վրեժով լցված հրամանատարներ, որոնց երեք բառից չորսը զոհված հրամանատարների մասին էր»,-գրել է Նազարյանը։
Նաընդգծել է, որ հայ զինվորը չի պարտվել 44-օրյա պատերազմում։

«Դուք թշնամուն այնպիսի ջարդ եք տվել, որ Ադրբեջանում ինչքան զինվոր կար, բոլորին լցրել էին արցախյան ճակատ, ու հրամանի դեպքում մենք քայլելով Գյանջա էլ կհասնեինք, Մինգեչաուր էլ։ Բանակ՝ շնորհավոր»,-գրել է նա։

Նշենք, որ այսօր` հունվարի 28–ին, նշվում է Հայոց բանակի կազմավորման 30–ամյակը։