ԵՐԵՎԱՆ, 27 հունվարի – Sputnik. ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը կոչ է արել Տաջիկստանին և Ղրղզստանին անհապաղ դադարեցնել կրակը 2 երկրների սահմանին։ Տեղեկությունը լրագրողներին հայտնել Է ՀԱՊԿ մամուլի քարտուղար Վլադիմիր Զայնետդինովը։
Զասը հեռախոսային բանակցություններ է վարել Տաջիկստանի անվտանգության խորհրդի քարտուղար Նասրուլո Մահմուդզոդայի և Ղրղզստանի անվտանգության խորհրդի քարտուղար Մարատ Իմանկուլովի հետ։ Հեռախոսազրույցների ընթացքում ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը կոչ է արել սահմանին անհապաղ հրադադար հաստատել:
«Լուրջ մտահոգություն է առաջացնում սահմանին կրկին սկսված բախումները, որոնց հետևանքով կան վիրավորներ։ Տաջիկա-ղրղզական սահմանին զինված հակամարտությունը պետք է անհապաղ դադարեցվի։ Հակամարտությունը պետք է լուծել բացառապես խաղաղ ճանապարհով` բանակցությունների սեղանի շուրջ։ ՀԱՊԿ-ը պատրաստ է անհրաժեշտ օգնություն ցուցաբերել Ղրղզստանին և Տաջիկստանին հակամարտության կարգավորման հարցում։ Վստահ եմ, որ ՀԱՊԿ անդամ երկու պետությունների ղեկավարությունը կգտնեն փոխընդունելի ուղիներ, որպեսզի կարգավորի այդ բարդ սահմանային հարցը», - հայտարարել է Զասը։
Նշենք, որ այսօր` ավելի վաղ, Տաջիկստանի և Ղրղզստանի սահմանին սահմանապահների միջև փոխհրաձգություն էր սկսվել։ Տաջիկական կողմն ականանետներ և նռնականետներ է կիրառել:
Ղրղզստանի և Տաջիկստանի սահմանը պարբերաբար հակամարտությունների գոտի է դառնում 2 երկրի բնակիչների և սահմանապահների միջև: Պատճառը չսահմանազատված հատվածներն են, որտեղ հնարավոր չէ որոշել, թե ինչպես է անցնում պետությունների միջև սահմանը։