ՌԱԴԻՈ

Ռեստորան այցելող ՀՀ քաղաքացիների 80%-ը պատվաստված չէ. Բարսեղյանը հարց է ուղղում Քերոբյանին

«Ռեստորանների հայկական միության» համանախագահ Աշոտ Բարսեղյանն անդրադարձել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանի հայտարարությանը, ըստ որի՝ կորոնավիրուսային սահմանափակումների պայմաններում ռեստորանային ոլորտի ընկերությունների համախառն վաճառքն ընկել է մոտ 20%–ով։
Sputnik
Հանրային սննդի և հյուրանոցային տնտեսության օբյեկտներին առնչվող ստուգումները տեղի են ունեցել միայն Երևանի կենտրոնական հատվածում, և եթե էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը ցանկանում է ամբողջ հանրապետության մասշտաբով անկում տեսնել, ապա կարող է խնդրել տեսչական մարմնին ամբողջ երկրում կազմակերպել ստուգումներ ու նման անկում արձանագրել, Sputnik Արմենիայի եթերում ասաց «Ռեստորանների հայկական միության» համանախագահ Աշոտ Բարսեղյանը։
«Ռեստորանային ոլորտի ընկերությունների համախառն վաճառքի անկումն ամբողջ հանրապետության մակարդակով ներկայացնելը նշանակում է, որ Երևանի կենտրոնում այնպիսի բացասական ցուցանիշ է գրանցվել, ինչի արդյունքում ամբողջ երկրի կտրվածքով ստացվել է 20 տոկոսի տատանում, մինչդեռ անկումը վերաբերում է միայն այն հատվածին, որտեղ իրականացվել են ստուգումներ»,– ասաց «Ռեստորանների հայկական միության» համանախագահը։

Բարսեղյանը հարց բարձրացրեց, թե արդյոք էկոնոմիկայի նախարարը պատրա՞ստ է թեկուզ այդ 20–տոկոսանոց անկման համար պատասխանատվություն կրել որպես պետական բարձրաստիճան պաշտոնյա։ Ըստ նրա` ձմռան սեզոնին, ամենացածր շրջանառության ժամանակ գրանցվել է նման անկում, բայց պարզ չէ, թե ով է պատասխան տալու անկումների համար։

«Մեր ուսումնասիրությունները ցույց են տվել, որ հաճախորդների 80 տոկոսը պատվաստված չէ, մինչդեռ առողջապահության նախարարությունը օտարերկրյա քաղաքացիների պատվաստումների վրա ծախսել է 6 միլիարդ դրամ։ ՀՀ քաղաքացիները, որոնք փորձում են այցելել ռեստորաններ, հիմնականում պատվաստված չեն։ Էկոնոմիկայի նախարարությունն իր հերթին սխալ թվերի ընտրանի է վերցրել, եթե մենք կենտրոնում իրականացված ստուգումները տարածենք ամբողջ հանրապետության վրա, ցուցանիշները լինելու են շատ ավելի բարձր»,– ասաց «Ռեստորանների հայկական միության» համանախագահը։
Միաժամանակ Բարսեղյանը կարծում է, որ թեկուզ 20 տոկոս անկումն էլ արդեն ահազանգ է, որպեսզի մտածեն կանխարգելիչ միջոցառումների մասին կամ չեղարկեն QR կոդերին առնչվող հրամանը, ինչպես դա արել են Դանիան ու Մեծ Բրիտանիան, իսկ Ռուսաստանն առհասարակ չսկսեց այդ սահմանափակումը քննարկել։

Նա վստահեցնում է, որ տուգանվելուց ոչ ոք չի վախենում, խնդիրներ չեն առաջանա, մարդիկ գիտեն, թե ինչպես պետք է վարվեն, եթե իրենց այցելեն պատկան մարմինների ներկայացուցիչները։ Ըստ նրա` բոլոր տուգանքները բողոքարկվելու են համապատասխան կարգով, և ոչ ոք տուրք չի վճարելու, քանի որ միությունը նախարարությանն արդեն իսկ հորդորել է հրամաններ նախապատրաստելիս ունենալ մասնագիտական լավ պատրաստվածություն, որպեսզի հրամանները լինեն անխոցելի, վերահսկելի և իրագործելի։

Հիշեցնենք՝ հունվարի 22-ից հանրային սննդի և հյուրանոցային տնտեսության օբյեկտներ, մարզասրահ, գրադարան, թանգարան, թատերահամերգային, կինոյի և այլ մշակութային գործունեություն իրականացնող կազմակերպություն մուտք գործելիս անհրաժեշտ է ներկայացնել կա՛մ ՊՇՌ հետազոտության բացասական արդյունքը հավաստող սերտիֆիկատ (առավելագույնը 72 ժամ վաղեմության), կա՛մ COVID-19 հարուցիչի հակածնի հայտնաբերման արագ ախտորոշիչ թեստի 24 ժամյա վաղեմության բացասական արդյունքը հավաստող տեղեկանք, կա՛մ պատվաստման սերտիֆիկատ՝ բջջային հավելվածի QR կոդի միջոցով կամ թղթային տարբերակով։
Ինչու մոլ կարելի է մտնել, ռեստորան` ոչ. Անահիտ Ավանեսյանը` նոր սահմանափակումների մասին
Այսօր կառավարության նիստից հետո էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը հայտնեց` մի քանի օրվա տվյալների վրա հիմնված տեղեկատվությունը ցույց է տալիս, որ ռեստորանային ոլորտի ընկերությունների համախառն վաճառքը մոտ 20%-ով է ընկել, ոչ թե 70%-ով: Նախարարը հավաստիացրեց, որ կան նաև ընկերություններ, որտեղ ավելի քիչ է ընկել վաճառքի ծավալները՝ հաշվի առնելով հաճախորդների բազան, բայց և արձանագրեց, որ կան ընկերություններ, որոնց մոտ շատ ավելի մեծ է անկումը:
Նոր սահմանափակումները` նոր շոուների առիթ. այս անգամ թիրախում ռեստորանային բիզնեսն է