ԵՐԵՎԱՆ, 27 հունվարի – Sputnik. Հանձնաժողովի ձևավորումը և սահմանազատման ու սահմանագծման գործընթացի մեկնարկը թույլ կտա կանխել սահմանային միջադեպերը և կնպաստի Բաքվի ու Երևանի միջև հարաբերությունների կարգավորմանը: Այս հայտարարությունն արել է ՌԴ ԱԳՆ տեղեկատվության և մամուլի դեպարտամենտի փոխտնօրեն Ալեքսեյ Զայցևը ճեպազրույցի ժամանակ։
«Մենք շարունակում ենք սերտորեն աշխատել մեր գործընկերների հետ Սոչիում 2021 թվականի նոյեմբերի 26-ին ընդունված հայտարարությունն իրականացնելու համար, որը, ի թիվս այլ հարցերի, նախատեսում է ադրբեջանա–հայկական սահմանի դելիմիտացիայի երկկողմ հանձնաժողովի ստեղծում», - նշել է Զայցևը:
Նշենք, որ հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակը պարբերաբար սրվում է, վերջին միջադեպը տեղի ունեցավ Գեղարքունիքի մարզում հունվարի սկզբին, ինչի հետևանքով զոհվեցին երեք հայ զինծառայողներ:
Հիշեցնենք` նոյեմբերի 26–ին Սոչիում կայացավ Հայաստանի, Ռուսաստանի ու Ադրբեջանի առաջնորդների հանդիպումը։ Եռակողմ հանդիպումից առաջ Պուտինն առանձնազրույց էր ունեցել Ալիևի հետ։ Բանակցությունները տևեցին երեք ժամ։ Եռակողմ հանդիպմանը հաջորդեց Պուտին–Փաշինյան առանձնազրույցը։ Բանակցությունների արդյունքում ստորագրվեց համատեղ հայտարարություն։
Հայտարարվեց, որ պայմանավորվել են Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանագծման և սահմանազատման մեխանիզմներ ստեղծել, քայլեր ձեռնարկել հայ-ադրբեջանական սահմանի կայունության և անվտանգության մակարդակի բարձրացման ուղղությամբ։