ԵՐԵՎԱՆ, 27 հունվարի – Sputnik. Արցախի օկուպացրած տարածքներից տեղահանված բնակիչները բողոքի ակցիա են անում կառավարության դիմաց՝ պահանջելով վերադարձնել բռնազավթված տարածքները և պարզել իրենց կարգավիճակի հարցը։
«Հանուն Հարդրութի» ՀԿ ղեկավար Լևոն Հայրյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ Արցախի ժողովուրդը ստեղծել է Արցախի Հանրապետություն ու պահանջում է դրա իրավաքաղաքական ճանաչում։ Սա, ըստ նրա, Հայաստանի բոլոր իշխանությունների կողմից արհամարհվել է և արդյունքում եղել է այս աղետը:
«Պահանջում ենք, որ մեզ վերադարձնեն Արցախը։ Մեր հարցը կարող է լուծվել, եթե վերադարձնեն Հադրութը, Քաշաթաղը, Շահումյանը, Շուշին... Հնարավոր է, թե ոչ, դա չէ էականը, այլ այն, որ իշխանությունը լծվի այդ գործին»,-ասաց Հայրյանը՝ հավելելով, որ Արցախի հարցերը «լուծելուց» հետո հիմա էլ Ցեղասպանության ճանաչումն են ուզում մի կողմ դնել։
Նշենք, որ քայլերթով բողոքի ակցիա անողներն ԱԳՆ գնացին։ Նրանք ԱԳՆ-ից պահանջում են ընդունել իրենց և պատասխանել մի շարք հարցերի՝ ինչո՞ւ Արցախը կարգավիճակ չունի, ինչո՞ւ տեղահանվածները որևէ կարգավիճակ չունեն։
Նրանց մի մասն էլ դեպի Հայաստանում ՄԱԿ-ի գրասենյակի մոտ են հավաքվել։
«ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարում է, թե 300 բնակարաններ են տվել տեղահանվածներին, բայց ո՞ւր են։ Ես որքան գիտեմ` 108 տուն է մինչ այժմ տրվել արցախցիներին, իսկ մենք ոնց եղել ենք անտուն, այդպես էլ մնում ենք»,-ասաց արցախցիներից մեկը։
ԱԳՆ-ից տեղում հավաքվածներին հայտնեցին, որ կորոնավիրուսային իրավիճակով պայմանավորված՝ աշխատակիցների մի մասը տնից է աշխատում, իսկ նախարարը տեղում չէ։ Սակայն խոստացել են, որ առաջիկա օրերին պատգամավորական 4-5 հոգուց բաղկացած խումբը կընդունի նրանց։
«Եթե անգամ մեկ արախցի մնա, էլի նույն պահանջներն է ունենալու»,-ասացին նրանք։ Բողոքի ակցիա անողները հայտարարեցին՝ օրերը տաքանան` բողոքի ակցիաները հաճախակի են դառնալու։
Հիշեցնենք, որ տեղահանված արցախցիները հաճախակի են բողոքի ակցիաներ անում այս կամ այն գերատեսչության մոտ՝ պահանջելով լուծել իրենց խնդիրները։