ԵՐԵՎԱՆ, 27 հունվարի – Sputnik. Քաղաքական շրջանակներում երեկ ակտիվորեն քննարկում էին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ կորոնավիրուսով հերթական վարակվածության փաստը՝ որակելով այն կասկածելի․ գրում է «Հրապարակը»:
Երեկ վարչապետի գրասենյակից հայտնել էին, որ Նիկոլ Փաշինյանը վարակվել է կորոնավիրուսով։
«Եթե Փաշինյանը վարակը տանում է առանց ախտանիշների, ինչպես հաղորդեցին վարչապետի գրասենյակից, հարց է առաջանում՝ ինչո՞ւ հանկարծ կասկածեց, որ կորոնավիրուսով է վարակվել, և թեստավորվեց: Մի՞թե առանց որևէ պատճառի Փաշինյանը թեստավորվում է և դիմում բժիշկների»,-գրում է թերթը։
Ըստ լրատվամիջոցի՝ վարկածներից մեկի համաձայն, Փաշինյանը կա՛մ խուսափում է արտերկրյա պաշտոնական՝ իր համար անցանկալի միջոցառմանը մասնակցելուց, կա՛մ, մյուս՝ առավել հավանական վարկածով, պատճառը բանակի օրվա տոնակատարությունն է: Հունվարի 28-ին Մարզահամերգային համալիրում միջոցառում է նախատեսված, որին մասնակցելու են նաև պատերազմից վերադարձածները:
«Հրապարակը» գրում է, որ փորձել են Փաշինյանի մասնակցությամբ հուզիչ տեսարաններ բեմադրել, սակայն մասնակիցները չեն համաձայնել, Փաշինյանն էլ նպատակահարմար չի գտել «շարքային» կարգավիճակով՝ առանց շոուի մասնակցել այդ միջոցառմանը:
Հիշեցնենք, որ հունվարի 28-ին կլրանա հայոց բանակի կազմավորման 30-ամյակը։