ԵՐԵՎԱՆ, 27 հունվարի – Sputnik. ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ, ՔՊ վարչության անդամ Էդուարդ Աղաջանյանը կարծում է, որ Երևանն ու Անկարան կկարողանան պայմանավորվել հատուկ ներկայացուցիչների հանդիպման վայրի շուրջ՝ երկու երկրների հարաբերությունները կարգավորելու համար։
Աղաջանյանը նման հայտարարություն արեց հրավիրված ասուլիսում` պատասխանելով հարցին, թե կա՞ պայմանավորվածություն, որ հատուկ ներկայացուցիչների հանդիպումները երրորդ երկրներում չպետք է անցկացվեն։
Ավելի վաղ Թուրքիան առաջարկել էր հանդիպումներ չանցկացնել երրորդ երկրներում։
«Առաջիկա քննարկումների ժամանակ հստակ դիրքորոշում կհայտնի թե՛ հայկական, թե՛ թուրքական կողմը։ Ես վստահաբար կարող եմ ասել, որ սա այն հարցը չէ, որի շուրջ հնարավոր չէ գալ կոնսենսուսի»,- ասաց Աղաջանյանը։
Միաժամանակ նա հավելեց, որ դեռ հայտնի չէ, թե երբ և որտեղ կկայանա հատուկ ներկայացուցիչների հաջորդ հանդիպումը։
Նշենք, որ հունվարի 20-ին` հատուկ ներկայացուցիչների առաջին հանդիպումից 6 օր անց, Թուրքիայի ԱԳՆ աղբյուրը լրագրողների հետ զրույցում հայտնել էր, որ Անկարան Երևանի հետ երրորդ երկրում բանակցություններ վարելու անհրաժեշտություն չի տեսնում։
Նշենք, որ հունվարի 20-ին` հատուկ ներկայացուցիչների առաջին հանդիպումից 6 օր անց, Թուրքիայի ԱԳՆ աղբյուրը լրագրողների հետ զրույցում հայտնել էր, որ Անկարան Երևանի հետ երրորդ երկրում բանակցություններ վարելու անհրաժեշտություն չի տեսնում։
Հիշեցնենք` Հայաստանի և Թուրքիայի միջև դիվանագիտական հարաբերություններ չկան. 2009 թվականին Ցյուրիխում երկու երկրների արտգործնախարարները դիվանագիտական հարաբերություններ հաստատելու մասին արձանագրություններ ստորագրեցին, սակայն այդ փաստաթղթերն այդպես էլ չվավերացվեցին։
Երևանն ու Անկարան 2021 թվականի դեկտեմբերին հայտարարեցին, որ պատրաստ են հարաբերությունների կարգավորմանն ուղղված հստակ քայլեր ձեռնարկել և երկուստեք հատուկ ներկայացուցիչներ նշանակեցին. Անկարան՝ Վաշինգտոնում Թուրքիայի նախկին դեսպան Սերդար Քըլըչին, իսկ Հայաստանը՝ Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանին։
Ավելի ուշ ԱԳՆ–ն հայտարարեց, որ կողմերը համաձայնել են շարունակել լիարժեք կարգավորմանն ուղղված բանակցությունները՝ առանց նախապայմանների։