Հաստատվել է Սահմանադրական բարեփոխումների խորհրդի անհատական կազմը

Սահմանադրական բարեփոխումների խորհրդի նախագահը արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանն է։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 27 հունվարի – Sputnik. Հաստատվել է Սահմանադրական բարեփոխումների խորհրդի անհատական կազմը և գործունեության կարգը։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ արդարադատության նախարարությունը՝ հավելելով, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ստորագրել է համապատասխան որոշումը։
Խորհրդի նախագահը արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանն է։
Խորհրդի կազմում կլինեն միջազգային իրավական հարցերով ներկայացուցիչը, ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահը, Մարդու իրավունքների պաշտպանը։
Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել. սահմանադրական բարեփոխումների խորհուրդ է ստեղծվում
Կլինեն նաև Բարձրագույն դատական խորհրդի անդամ Վիգեն Քոչարյանը, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Հովակիմյանը, «Լուսավոր Հայաստան» կուսակցության ներկայացուցիչ Էդմոն Մարուքյանը, «Հանրապետություն» կուսակցության ներկայացուցիչ Մասիս Մելքոնյանը, «Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ» հասարակական կազմակերպության ներկայացուցիչ Արթուր Սաքունցը, «Իրավունքի Եվրոպա» ՀԿ ներկայացուցիչ Տիգրան Եգորյանը, «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ ներկայացուցիչ Դանիել Իոաննիսյանը։
Հիշեցնենք, որ արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանը կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում նշել էր, որ սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովն իր աշխատակարգն է ներկայացրել վարչապետին և սպասում է նրա ստորագրությանը, որպեսզի աշխատանքները մեկնարկեն։