ԵՐԵՎԱՆ, 27 հունվարի - Sputnik. Ֆուտբոլի Հայաստանի ֆեդերացիան 1992 թվականին հիմնելու ժամանակ նախագահի ընտրություն չի էլ եղել, պարզապես Սպորտկոմիտեի ֆուտբոլի բաժնի այն ժամանակվա պետ Նիկոլայ Ղազարյանը նշանակվել է ՀՖՖ նախագահ։
Այս մասին Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի 30-ամյակի կապակցությամբ Sputnik Արմենիայի մասուլի կենտրոնում հրավիրված ասուլիսում հայտարարեց ֆուտբոլային ճանաչված մեկնաբան Սուրեն Բաղդասարյանը։
«Ես կարծում եմ, որ ՀՖՖ նախագահի ոչ մի ընտրություն, որպես այդպիսին, չի եղել։ Բոլոր նախագահներն էլ ունեցել են այնպիսի աջակցություն, որ այլ տարբերակ չի եղել։ Բայց վերջին ընտրությունները, որից հետո ֆուտբոլային գերատեսչությունը գլխավորեց Արմեն Մելիքբեկյանը, ամենախայտառակն էին։ Մի ամբողջ քաղաքական ուժ կանգնեց նրանց թիկունքին, ու ոտնահարելով ՀՖՖ կանանոնակարգը, ընտրեցին ում ուզում էին, ով որ պետք էր իրենց»,-ասաց Բաղդասարյանը։
Խոսելով հայկական ֆուտբոլի 30-ամյա ընթացքի մասին, մեկնաբանը նշեց, որ ֆուտբոլը Հայաստանում զարգացում է ապրել։
«Հնարավոր չէր այլ կերպ, քանի որ մեր հավաքական թիմերը, ակումբները մասնակցում են աշխարհի և Եվրոպայի առաջնությունների ընտրական փուլերին, եվրագավաթներին։ Բայց մենք կարող էինք ավելիին հասնել։ Պարզապես թիմային խաղում մեր ազգային հոգեկերտվածքը թույլ չի տալիս մեծ բարձրունքների հասնել։ Նույնիսկ հանրահայտ «Արարատ-73»-ում չեմպիոնական տիտղոսը նվաճելուց հետո թիմում խմբավորումներ առաջացան, ու ի վերջո ունեցանք ոչ միասնական թիմ»,- հավելեց Բաղդասարյանը։
Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի ելույթների մասին խոսելիս Բաղդասարյանը նշեց, որ մեր ընտրանին հաջողություններ գրանցել է, սակայն դրանք շարունակական չեն եղել. կրկին խանգարել է ոչ միասնական լինելը։
Նա սակայն կարևորեց Խոակին Կապառոսի մարզչական դերը. «Մեր հավաքականը ունեցել է արտասահմանցի շատ մարզիչներ։ Ես Կապառոսին համարում եմ լավագույնը։ Նրա աշխատանքը երևում է խաղադաշտում, և հիմա նրա շնորհիվ հավաքականում կորիզ կա, որը կարող է արժանի մրցակից լինել յուրաքանչյուր թիմի դեմ խաղալիս»,-ավելացրեց Բաղդասարյանը։
Այսօրվա վիճակին անդրադառնալով բանախոսն այն կապեց սոցիալ-տնտեսական դրության հետ։
«Այսօր Հայաստանում շատ քիչ ոլորտներ կան, որոնք զարգանում են։ Ինչո՞ւ պետք է ֆուտբոլը զարգանա։ Հատկապես տեսնելով՝ ինչպես է աշխատում ՀՖՖ-ն։ Գործող ղեկավարությունը ՀՖՖ առաջին նախագահին կամ ֆեդերացիայի հիմնադիրներին պարգևատրում է մեդալով այն դեպքում, երբ ՀՖՖ առաջին նախագահ Նիկոլայ Ղազարյանն այսօր ծանր հիվանդ է և բուժման ու ֆինանսավորման կարիք ունի, այլ ոչ թե մեդալի։ Ես էլ ունեմ շատ մեդալներ, որոնք արդեն ժանգոտվել են, բայց դրանք շատ շուտ մոռացվում են»,- ասաց Բաղդասարյանը։
Ապագային նա լավատեսորեն է նայում, բայց մի պայմանով.
«Իհարկե ֆուտբոլը Հայաստանում կարող է զարգանալ, քանի որ մենք ունենք ժողովուրդ, որը սիրում է այս խաղը, բայց զարգացում կլինի, եթե ՀՖՖ ներկայիս ղեկավարները հեռանան։ Նրանք չեն կարող բարձրացնել ֆուտբոլային մեր վարկանիշը»,- եզրափակեց Սուրեն Բաղդասարյանը։