Երբեմն լսում ես՝ ինչ լավ կլիներ, եթե Հայաստանը բոլորովին այլ հարևաններ ունենար, ասենք, քաղաքակիրթ եվրոպացիներ, ինքներդ գիտեք, թե ում փոխարեն։ Եվ դրան սովորաբար պատասխանում են, որ պատմությունը «եթե»-ներ չի հանդուրժում։ Ընդհանրապես պատմությունը ոչ մի «եթե»-ի կարիք չունի, քանի որ իրական իրադարձությունների օրինակներ միշտ կարելի է գտնել այլ դարաշրջաններում և երկրներում։ Եվ այդ դեպքում ցանկացած ենթադրության պատասխանը պարզ կդառնա:
Հայտնի աֆորիզմ կա․ «Մեկ անգամը պատահականություն է, երկու անգամը՝ զուգադիպություն, երեքը՝ արդեն օրինաչափություն»: Ի՞նչ հարցերում պետք է զուգադիպություններ լինեն և որքան, որ օրինաչափությունն ակնհայտ դառնա։ Ահա մի քանի օրինակ։
Կա արդյո՞ք մեկ այլ ժողովուրդ, բացի հայերից, որի պատմական հողերը դարեր շարունակ բաժանվել են հարևան մեծ երկրների միջև, իսկ այսօրվա տարածքը 30 հազար քառ․կմ-ից ավել չէ։ Ժողովուրդ, որի պետական կազմավորման մեջ ապրում է 3 միլիոնից պակաս մարդ։ Բայց, միևնույն ժամանակ, պատմական հայրենիքից դուրս մեծ սփյուռք կա՝ ավելի քան 10 մլն։ Մի ժողովուրդ, որը դարերով տառապել է պատերազմներից և զանգվածային ոչնչացումից, բայց չի հաշտվել և պայքարել է իր անկախության համար։ Ընդ որում, այդ պայքարը երբեմն ծայրահեղական ձև է ստացել։ Կարելի է դեռ երկար շարունակել, բայց այդ ամենը բասկերի մասին է։
Բասկերի հողերը համադրելի են ժամանակակից Հայաստանի տարածքի հետ՝ 30 հազար քառ.կմ-ից քիչ։ Դրանք բաժանված են և գտնվում են Իսպանիայի և Ֆրանսիայի տարածքում։ Եվ նույնիսկ սփյուռքում՝ Կենտրոնական և Հարավային Ամերիկայում, բասկերը հաճախ են աջակցում հայերին, մասնակցում են հանրահավաքներին և այլ միջոցառումներին։ Նրանց կարելի է տեսնել մեր սփյուռքի հետ ապրիլի 24-ի երթերին։ Որտեղի՞ց է այդ համերաշխությունը։
Բասկերն Իսպանիայի հյուսիսում և Ֆրանսիայի հարավ-արևմուտքում ապրող ժողովուրդ են։ Ասում են՝ ոչ ոք չգիտի ո՛չ նրանց ծագումը, ո՛չ էլ Եվրոպայում նրանց հայտնվելու պատմությունը։ Դա նշանակում է, որ այդ ժողովրդի և դրա լեզվի ծագման մասին ընդունված տեսություն դեռ չկա։ Բայց իրենք՝ բասկերը, այդ ամենը, իհարկե, գիտեն։ Ընդ որում, պատմությունը շատ հետաքրքիր է։ Համարվում է, որ բասկերի լեզուն (էուսկարա, euskara) Եվրոպայում մինչհնդեվրոպական դարաշրջանից փրկված միակ լեզուն է։
Իսպանիայում բասկերի թիվը կազմում է մինչև 2.4 մլն մարդ, Ֆրանսիայում՝ մինչև 250 հազար։ Իսպանիայի երեք նահանգ՝ Ալավան, Բիսկայան և Հիպուսկոան, ունեն ինքնավար մարզի կարգավիճակ, որը կոչվում է Բասկերի երկիր՝ Էուսկադի:
«Էուսկադի» հասկացությունը հայտնվել է 19-րդ դարում։ Այն հորինել են բասկերի անկախության առաջնորդները՝ Արանա եղբայրները։ Նրանք նաև հորինել են բասկերի դրոշը ու ազգային տոների մեծ մասը։ Ճանապարհը դեպի այսօրվա կիսանկախ ինքնավարություն շատ ծանր էր։ Այս պատմությունը երկու խոսքով հնարավոր չէ պատմել, բայց ինչ-որ կերպ ներկայացնելու համար բավական է հիշել Պաբլո Պիկասոյի հայտնի «Գեռնիկան»։
Գեռնիկան բասկերի քաղաքն է: Այն գրեթե ամբողջությամբ ավերվել ու այրվել է 1937 թվականի ապրիլի 26-ին «Կոնդոր» լեգեոնի ինքնաթիռների զանգվածային ռմբակոծության հետևանքով: Հազարավոր բնակիչներ փլատակների տակ են մնացել։ Ասում են՝ Փարիզի օկուպացիայի ժամանակ Պիկասոյի արվեստանոց մի անգամ գերմանացի սպաներ են եկել։ Նկարչի սեղանին «Գեռնիկայի» ռեպրոդուկցիան էր։ Զինվորականները արվեստի գիտակներ էին, նրանք տպավորված էին, ու սպաներից մեկը հարգանքով հարցրել է վարպետին. «Սա դու՞ք եք արել, մաեստրո»։ «Ոչ, - չոր պատասխանել է Պիկասոն, - սա դուք եք արել»։
Նախնիները Հայաստանից
2010 թվականին հայտնի հայ ռեժիսոր-վավերագրող Արտակ Ավդալյանը հայագետ Վահան Սարգսյանի հետ մեկնել է Իսպանիա և այնտեղ նկարահանել «Բասկերը և հայերը» վավերագրական ֆիլմը:
Սարգսյանն արդեն բազմիցս եղել է այնտեղ, ուսումնասիրել է պատմությունը և Բասկերի երկրի ֆինանսական աջակցությամբ գրքեր է թարգմանել բասկերենից հայերեն և հակառակը։ Պարզվել է, որ այդ ժողովուրդն ամենևին չի անտեսում իր ավանդույթներն ու հուշարձանները։ Այն գաղափարը, թե իրենց նախնիները ծագումով Հայաստանից են, համակրանք է վայելում ոչ միայն Բասկոնիայի գիտնականների մեծամասնության, այլև բնակչության մեծ մասի կողմից։ Ավդալյանը զարմանքով հայտնաբերել է, որ նույնիսկ ազգայնական տրամադրվածություն ունեցող մարդիկ ամենայն վստահությամբ պնդում են, որ իրենց նախնիները 5000 տարի առաջ եկել են Հայաստանից: Ընդ որում, առաջինը դրա մասին խոսեցին ոչ թե հայ գիտնականները, այլ Էուսկադիայի ազգագրագետներ։ Դրանից հետո ԶԼՄ-ներում սկսեցին հայտնվել հրապարակումներ, որոնցում գրում էին վերջին մի քանի դարերում բասկերի հետ հայերի ազգակցական կապերի մասին։
17-րդ դարի իսպանացի պատմաբան Գասպար Էսկոլանոն Վալենսիա քաղաքի պատմության մասին իր գրքում (1610 թ.) գրել է, որ համաշխարհային ջրհեղեղից հետո Թուբալ նահապետը (Նոյի թոռը) ու նրա մարդիկ իջան Իսպանիայի արևելյան ափին, ու որ նրանք խոսում էին հայերեն: Էսկոլանոն փաստացի արձանագրել է ավանդությունը, որը պահպանվել է հնագույն ժամանակներից մինչև իր օրերը։
19-րդ դարի վերջին անգլիացի գիտնական Էդվարդ Սպենսեր Դոջսոնը (1857-1922), որը բասկերի պատմության հայտնի մասնագետ է, որոշել է հայերեն սովորել։ Դասերից ընդամենը երկու ամիս անց Դոջսոնը հայտնաբերել է, որ հայկական շատ բառեր գրեթե նույնական են բասկերեն բառերին։ Դոջսոնը 1884 թվականին «Բասկերեն լեզու» ամսագրի համար գրել է «Բասկերեն բառերը հայերենում» հոդվածը։ Նրա նկատած զուգահեռների ցանկը բաղկացած էր ավելի քան հիսուն բառերից։
Օրինակ, բասկերենում «չար» բառը նույն նշանակությունն ունի, ինչ հայերենում, «զատի» բասկերենով նշանակում է «զատել»։ Շատ հետաքրքիր է «չար» ու «բարի» բառերի ծագումնաբանություն ու խորը իմաստը։ Երկուսի արմատն էլ «Ար»-ն է, որը նշանակում է «Արարիչ»։ «Չ»-ն ժխտական մասնիկ է, «բ»-ն՝ հաստատական մասնիկ է, օրինակ՝ «բերող»։ Հետևաբար՝ «չարը» այն է, ինչը չի տանում դեպի Արարիչ, իսկ «բարին» այն է, ինչը տանում է դեպի Արարիչ։ Մի ամբողջ փիլիսոփայական գաղափար՝ երկու կարճ բառերում: Ստացվում է, որ բասկերի մոտ էլ այդ փիլիսոփայությունը կա։
Դոջսոնից կես դար անց այն ժամանակ դեռ երիտասարդ բասկ բանասեր Բեռնարդո Էստորնես Լասան (1907-1999), որը հետագայում դարձավ խոշորագույն գիտնական ու ակադեմիկոս, Նավարայի նահանգի իր հայրենի Իսաբա քաղաքում տեղական ավանդություն է գրի առել այն մասին, որ այդ բնակավայրը հիմնադրել են հայերը, որոնք Նավարայի առաջին բնակիչներն ու բասկ ժողովրդի նախնիներն էին։
Ավանդության համաձայն՝ բասկերի ժողովրդի առաջնորդի անունը Այթոր էր, նա Հայաստանից եկել է իր յոթ որդիների հետ և նրանց պատվին 7 բնակավայրեր է հիմնել Նավարայում։ Նշվում է նաև, որ այդ հեռավոր ժամանակներում հայերն արդեն իմացել են մետաղի մշակման գաղտնիքը, ինչը լիովին համապատասխանում է պատմաբանների տվյալներին։ Հայկական լեռնաշխարհում մետաղների ձուլումը մի քանի հազար տարի շուտ է սկսվել, քան այլ շրջանների մեծ մասում: Հետագայում արխիվներում պատմական ժամանակագրությամբ հին ձեռագիր են գտել, որը հաստատել է Այթորի մասին պահպանված բանավոր ավանդությունների ճշմարտացիությունը։ Բացի այդ, Իսաբայում մինչ օրս կա մի ճանապարհ, որը կոչվում է Էրմինիա, իսկ քաղաքի միջով հոսում է Արաքս կամ Արաքսես կոչվող գետը։
Արաքսից բացի, գիտնականները նմանություններ են գտել նաև հայկական ու բասկյան այլ տեղանուններում. Օրինակ՝ բասկերն էլ Աշտարակ քաղաք ունեն, որն իրենց տարբերակով կկոչվում է Աստարակ (գտնվում է Ֆրանսիայի հարավում), և ունեն իրենց Գորիս քաղաքը (Բասկոնիայում), հայկական Դեբեդ գետի պես ունեն Դեբա գետը (Բասկոնիայում): Նրանք ունեն նաև Եփրատ և Ուրմիա։ Արալեռ սար էլ կա, ասում են, այդպես են անվանել ի պատիվ Արարատ լեռան, և հենց Արալեռի ստորոտով է հոսում Արաքս գետը։
Այթորի ժառանգները
Վահան Սարգսյանը թարգմանել է նաև Ջոզեֆ Ագուստին Շաոայի «Այթոր. Կանտաբրյան լեգենդ» գիրքը, այն հրատարակվել է 1845 թվականին և մեծ ազդեցություն է ունեցել բասկագիտության ու բասկերի ազգային ինքնագիտակցության զարգացման վրա։ Գրքի գլխավոր հերոսը Այթորն է, ում հեղինակը ներկայացնում է որպես իրենց ժողովրդի նախահայր։ Հետազոտողները կարծում են, որ այդ անունը ծագել է բասկյան aitoren seme բառակապակցությունից, ինչը թարգմանաբար նշանակում է «արիստոկրատ, զտարյուն»: Միևնույն ժամանակ Հայթոր անունը բառացի համապատասխանում է «Հայի թոռ» արտահայտությանը։ Այս մասին գրում է, մասնավորապես, գերմանացի հայագետ Յոզեֆ Կարստը։
Արտակ Ավդալյանը նշում է, որ այսօր Այթոր անունը Բասկոնիայում ամենատարածված անուններից է: Նա ասում է, որ միշտ այլ ժողովուրդների մեջ ինտուիտիվ զգում է, թե ով է հայ։ Իսկ Բասկերի երկրում, երբ նրան թվում էր, թե իր առջև հայ է, նրան պատասխանում էին, որ ոչ, նա բասկ է։ Նրանք իրականում շատ նման են հայերին՝ արտաքինով, աչքերի արտահայտությամբ, շարժումներով, քայլվածքով և այլն: Արտակն ասում է, որ նմանությունն այնքան մեծ է, որ նրանք նույնիսկ հայի ճակատագիր ունեն
40 րոպե տևողությամբ «Բասկերը և հայերը» ֆիլմը, որը Ավդալյանը Վահան Սարգսյանի հետ նկարահանել է 2010-ին, 12 տարի անց դեռ հասանելի չէ համացանցում, ասել է թե՝ մեծ լսարանին։ Վահան Սարգսյանն այդ ուղևորությունից մի քանի տարի անց մահացել է։ Նրա գործը շարունակում են ուրիշ գիտնականներ։ Կարելի է հուսալ, որ նոր տարում նրա մասնակցությամբ նկարահանված ֆիլմը վերջապես հասանելի կդառնա, ինչպես նաև կթարգմանվի այլ լեզուներով:
Մարդկանց և երկրների միջև կապերի այսօրվա զարգացման պայմաններում ակնհայտ է, որ հետագա համատեղ հետազոտությունների ժամանակ մեզ դեռ շատ հետաքրքիր ու զարմանալի բաներ են սպասում ինչպես մեր ժողովրդի, այնպես էլ իրեն ազգակից այլ ժողովուրդների, հատկապես՝ բասկերի անցյալի մասին: