Արցախի քաղաքական ուժերի ներկայացուցիչները կընդգրկվեն պետական ֆինանսական կառույցներում

Նախագահ Արայիկ Հարությունյանը հրավիրել է ընդլայնված խորհրդակցություն. Արխիվային լուսանկար
Արայիկ Հարությունյանը նշել է, որ խորհրդարանական ուժերի ներգրավվածությունը պետական ֆինանսական կառույցներում լավագույն ձևաչափերից մեկն է վստահության ավելի մեծ միջավայր ձևավորելու համար։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 27 հունվարի – Sputnik. Խորհրդարանում ներկայացված քաղաքական ուժերի ներկայացուցիչները կընդգրկվեն պետական ֆինանսական կառույցներում։ Երեկ հրավիրված աշխատանքային խորհրդակցության ժամանակ հայտարարել է Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը, տեղեկանում ենք նախագահի աշխատակազմից։
Խորհրդակցությունը կայացել է գործադիր իշխանության պատասխանատուների, Արցախի ներդրումային, գյուղի և գյուղատնտեսության աջակցության հիմնադրամների, «Ֆիդես հիփոթեքային ընկերություն» ունիվերսալ վարկային կազմակերպության և Ազգային ժողովում ներկայացված քաղաքական ուժերի ներկայացուցիչների մասնակցությամբ:

Հարությունյանը նշել է, որ, իր կողմից որդեգրած քաղաքականության համաձայն` թափանցիկ գործելաոճի և հավասար հնարավորությունների ստեղծմանն ուղղված ջանքերի գործադրման շրջանակներում էլ վերոնշյալ ֆինանսական կառույցների հոգաբարձուների խորհուրդներում այսուհետ կընդգրկվեն նաև խորհրդարանում ներկայացված քաղաքական ուժերի ներկայացուցիչները:

«Նպատակը պետական քաղաքականության շրջանակում ֆինանսական միջոցների ծախսման նկատմամբ վերահսկողության և թափանցիկության մակարդակի բարձրացումն է: Քաջատեղյակ եմ, որ հանրության շրջանում այս առումով ձևավորված են տարբեր մտահոգություններ, և դրանք փարատելու համար մեր քաղաքացիներն իշխանություններից սպասում են գործնական քայլեր: Կարծում եմ՝ խորհրդարանական ուժերի ներգրավվածությունն այս գործընթացում լավագույն ձևաչափերից մեկն է արդարության և վստահության ավելի մեծ միջավայր ձևավորելու համար»,- ասել է Հարությունյանը։
Նա, միևնույն ժամանակ, հանձնարարել է նշյալ ֆինանսական կազմակերպությունների ղեկավարներին ավելի հրապարակային ու թափանցիկ կերպով աշխատել հանրության ու լրատվամիջոցների հետ:
Արցախի նախագահը մասնակցել է Շուշիի տեխնոլոգիական համալսարանի հոգաբարձուների խորհրդի նիստին
Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև հետպատերազմյան ժամանակահատվածում երկրի տնտեսության վերականգնման ուղղությամբ իրականացվող ծրագրերը։