Արայիկ Հարությունյանին ՀՀ նախագահի թեկնածու առաջադրելու որոշում չկա. Աղաջանյան

Էդուարդ Աղաջանյան
Աղաջանյանի խոսքով`այս պահին որոշված չեն կոնկրետ թեկնածուներ, քննարկվում են տարբեր հնարավորություններ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 27 հունվարի – Sputnik. Այս պահին Արայիկ Հարությունյանին որպես ՀՀ նախագահի թեկնածու առաջադրելու որոշում չկա։ Այսօր ասուլիսի ժամանակ հայտարարեց ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ, ՔՊ վարչության անդամ Էդուարդ Աղաջանյանը։
Նրա խոսքով`այս պահին որոշված չեն կոնկրետ թեկնածուներ, քննարկվում են տարբեր հնարավորություններ։

«Սահմանված ժամկետների շրջանակներում որոշումը կկայացվի»,–ասաց Աղաջանյանը։

Հունվարի 26-ին armlur.am-ը գրել էր, որ «Քաղաքացիական պայմանագիր կուսակցությունն արդեն որոշել է նախագահի թեկնածուին, և ընտրությունը կանգ է առել Նիկոլ Փաշինյանի աշխատակազմի ղեկավար, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի (ԿԳՄՍ) նախկին նախարար Արայիկ Հարությունյանի վրա։
Հիշեցնենք, որ հունվարի 23-ին ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հրաժարական տվեց՝ հայտարարելով, որ չի կարողանում օգտագործել իր ներուժի գերակշիռ մասը ի նպաստ համակարգային ներքին և արտաքին քաղաքական խնդիրների լուծման:
Սարգսյանի խոսքով՝ իրեն խոստացել էին, որ նախագահական նոր ինստիտուտը ունենալու է գործիքներ և հնարավորություններ՝ ազդելու արտաքին քաղաքական և տնտեսական, ներդրումային քաղաքականության վրա, սփյուռքի հետ հարաբերությունների վրա, ինչպես նաև միջազգային ասպարեզում համազգային շահերն առաջ մղելու և նոր գիտակրթական ու բարձր տեխնոլոգիական միջավայր ձևավորելու համար: Բայց այդ խոստումներն իրականություն չեն դարձել։
Հույսերը չարդարացան, կամ նախագահը չգիտե՞ր, որ «անգլիական թագուհու» կարգավիճակում է լինելու
Նշենք, որ ՀՀ նախագահն իր հրաժարականի դիմումը կարող է հետ կանչել 7 օրվա ընթացքում։
Իսկ եթե նա այդ քայլին չգնա, նախագահի պարտականությունները կկատարի ԱԺ խոսնակ Ալեն Սիմոնյանը` մինչև նոր նախագահի ընտրությունը։
Նոր նախագահ կարող է ընտրվել գործող նախագահի լիազորությունների ավարտից կամ հրաժարականից ոչ շուտ, քան 25 և ոչ ուշ, քան 35 օր հետո:
Հանրապետության նախագահին ընտրում է Ազգային ժողովը: Թեկնածու առաջադրելու իրավունք ունի ԱԺ պատգամավորների առնվազն մեկ քառորդը, իսկ այսօր ընդդիմադիր «Պատիվ ունեմ»-ի ու «Հայաստան» դաշինքի պատգամվորների թիվը մեկ քառորդից ավելի է։
Հաղթում է այն թեկնածուն, որը ստանում է պատգամավորների ձայների 1/4-ը: