ԵՐԵՎԱՆ, 27 հունվարի – Sputnik. ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանն անդրադարձել է դեռ նախորդ տարվա նոյեմբերի 12-ին Նախիջևանի հետ սահմանագծին պայմանագրային զինծառայող Վահե Մանուկյանի անհետացման դեպքին և իր դիտարկումներն է արել։ Մասնավորապես, Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ նախ ՊՆ-ն այդ մասին որևէ տեղեկություն չի հայտնել, իսկ ինքն իմացել է Վայոց Ձոր կատարած մարզային այցի ժամանակ, պատահական խոսակցությունից։
«Գրություն եմ ուղարկում ՊՆ, երկրորդ փորձից ՊՆ-ն հաստատում է։ Գրություն եմ ուղարկել նաև քննչական ծառայություն, որտեղից հայտնել են, որ քրգործ է հարուցվել ՔՕ-ի 361 հոդվածի 1-ին մասով՝ դասալքությունը՝ զինվորական ծառայությունից վերջնականապես խուսափելու նպատակով զորամասը կամ ծառայության վայրն ինքնակամ թողնելը, ինչպես նաև նույն նպատակով ծառայության չներկայանալը։ Փորձում եմ վերլուծել զինծառայողի դրդապատճառները՝ լրիվ խճճված պատմություն է»,-գրել է Աբրահամյանը։
Նրա խոսքով՝ անհետացած զինծառայողը հերթափոխից հետո իջնելու էր, ու 3-ամյա պայմանագրի ժամկետն ավարտվում էր։ Վերջինիս կինն Աբրահամյանի հետ հեռախոսազրույցում նշում է, որ նպատակ են ունեցել ևս մեկ 3-ամյա պայմանագիր կնքել։ Դիրքում էլ, ըստ պատգամավորի, կարծես թե, միջադեպ՝ ոչ կանոնադրական հարաբերությունների խախտում չի եղել, այսինքն՝ ծառայության հետ կապված խնդիր, կարծես թե, չի եղել։
«Միայն հայտնի է, որ ընկերոջը «վեշ» է եկել, վերջինիս ոտքը վնասված է եղել և խնդրել է Վահե Մանուկյանին իջնել ու վերցնել։ Վահե Մանուկյանն իջել է, այդ ընթացքում եղել հարևան հայկական դիրքում, վերադարձել ուանհետացել է։ Կորած զինծառայողն ամուսնացած է, ունի երեք երեխա ու նրա՝ դիրքը թողնելու ու որևէ տեղ փախնելու դրդապատճառը չեմ տեսնում»,-հավելել է Աբրահամյանը։
Նրա խոսքով՝ ուշագրավ է, որ զինծառայողին վտանգավոր՝ միջդիրքային հատվածում առևանգելու վարկածը չի դիտարկվում, այդպես է նա հասկանում ՊՆ-ից և քննչականից եկող գրություններից։ Ըստ Աբրահամյանի՝ միջադեպի հետ կապված տարօրինակ հանգամանքները չափից շատ են։
Որքանով մենք տեղյակ ենք, ՊՆ–ն որպես կանոն չի հրապարակայնացնում այն դեպքերը, երբ զինծառայողն ինքնակամ լքում է ծառայության վայրը։ Սակայն ավելի ստույգ պարզաբանումներ ստանալու համար հարցում ենք ուղարկել նախարարություն։