ԵՐԵՎԱՆ, 27 հունվարի – Sputnik. 44-օրյա պատերազմի ժամանակ զինվորական ծառայության գնդի հրամանատարի պարտականությունները կատարել հրաժարվելու համար մեղադրանք է առաջադրվել Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի N պաշտպանական շրջանի հրամանատար, գնդապետ Վ.Յ-ին։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ քննչական կոմիտեի մամուլի ծառայությունը։
«Այդ ամենը տեղի է ունեցել 2020թ. սեպտեմբերի 27-ին հայտարարված ռազմական դրության պայմաններում և Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերի կողմից Արցախի Հանրապետության դեմ սանձազերծված ագրեսիվ պատերազմի ընթացքում` 2020թ. հոկտեմբերի 10-ից 13-ն ընկած ժամանակահատվածում։ Պարտականությունները կատարելուց հրաժարվելը զուգորդվել է դրանց փաստացի դադարեցմամբ, ինչպես նաև ծառայության նկատմամբ դրսևորել է անփույթ վերաբերմունք»,– նշված է հաղորդագրությունում։
2022 թվականի հունվարի 19-ին վերջինիս մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 364-րդ հոդվածի 3-րդ մասով (Ռազմական դրության, պատերազմի ժամանակ կամ մարտի պարագայում զինվորական ծառայության պարտականությունները կատարելուց հրաժարվելը) և 376-րդ հոդվածի 1-ին մասով (Պետի կամ պաշտոնատար անձի անփույթ վերաբերմունքը ծառայության նկատմամբ, որը պատճառել է էական վնաս)։
Քրեական գործի նախաքննությունը շարունակվում է: