1.7 մլն դոլար` հանրային 20 շենքի էներգախնայողության համար. ծրագիրը հաստատվեց

Գիշերային Երևան
Եվրասիական զարգացման բանկից ստացված միջոցները համայնքներին են հատկացվելու ՀՀ վերականգնվող էներգետիկայի ու էներգախնայողության հիմնադրամի միջոցով։ Ծրագրի իրականացման ժամկետը 2 տարի է։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 27 հունվարի - Sputnik. Եվրասիական զարգացման բանկը Հայաստանի Հանրապետությանը կտրամադրի 1 մլն 719 հազար 200 ՄԱՆ դոլար դրամաշնորհ` «Էներգաարդյունավետ տարածաշրջաններ. հասարակական շենքերում էներգախնայողության բարձրացման մեխանիզմների գործարկում և աջակցություն «կանաչ էներգետիկայի» զարգացմանը» ծրագրի շրջանակներում։
Այս մասին այսօր ՀՀ կառավարության հերթական նիստում հայտարարեց ՀՀ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը` ներկայացնելով դրամաշնորհային համաձայնագրին հավանություն տալու նախագիծը։

«Ծրագրի նպատակն է հասարակական նշանակության շենքերում էներգախնայողության մակարդակի բարձրացումը։ Ծրագիրն ուղղված է այդ ուղղությամբ 5-6 ուղղությաններով աշխատանքներ իրականացնելուն»,– հայտնեց Սանոսյանը։

Ըստ նրա` ծրագրում նախատեսվում է ընդգրկել հանրային նշանակության 20 շենքեր` դպրոցներ, մանկապարտեզներ, հիվանդանոցներ։
Ծրագրի իրականացման արդյունքում այդ շենքերում նախատեսվում է էներգախնայողության մակարդակը բարձրացնել 50 տոկոսով, ինչը կհանգեցնի տարեկան 3.000 մՎտ/ժամ էլեկտրաէներգիայի խնայողությանը և տարեկան 700 տոննա ածխաթթու գազի արտանետման կրճատմանը:
Ավելի շատ էներգախնայող շենքեր Երևանում․ 40-ն արդեն օգտվում են արևային էներգիայից
Եվրասիական զարգացման բանկից ստացված միջոցները համայնքներին են հատկացվելու ՀՀ վերականգնվող էներգետիկայի ու էներգախնայողության հիմնադրամի միջոցով։ Ծրագրի իրականացման ժամկետը 2 տարի է։
Սանոսյանը հայտնեց, որ նշված ժամկետում աշխատանքները չավարտելու դեպքում ժամկետը կարող է վերանայվել, բայց հույս հայտնեց, որ դրա անհրաժեշտությունը չի լինի։