Armed համակարգում որոշակի փոփոխություններ են կատարվել, և քաղաքացիների պատվաստումը հաստատող QR կոդերը սկանավորելիս անձնական տվյալները, օրինակ՝ անձնագրի համարն ու սերիան, այսուհետ կներկայացվեն մասամբ։ Տեղեկությունը Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնեց Armed համակարգի տնօրեն Ավետ Մանուկյանը։
Բջջային հավելվածում կա հատուկ QR կոդ, որը քաղաքացիները պետք է ներկայացնեին հանրային վայրեր մուտք գործելիս։ Արդյունքում` կոդը սկանավորելիս տեսանելի էին դառնում անձի անձնագրի տվյալները` սերիան և համարը, ծննդյան տարեթիվն ու ամսաթիվը, ինչը հակասում է անձնական տվյալների պաշտպանության մասին օրենքին։
Նրա խոսքով` քաղաքացիների անձնական տվյալները հավաստագրերում ներառելու որոշումը կայացվել է սահմանը հատելիս դրանք սահմանապահներին ներկայացնելու նպատակով, սակայն հասարակություն շրջանում առաջացած աղմուկը և մեդիափորձագետների ահազանգերը հաշվի առնելով` ԱՆ մասնագետները խնդիրը քննարկել են և որոշել, որ անձնական տվյալների մի մասը կարելի է թաքցնել` դրանց փոխարեն աստղանիշներ դնելով։
«Հանրային վայրերում QR ծածկագրի պահանջը առաջացրել է հասարակության տարբեր շերտերի դժգոհությունը, քանի որ դրանով հանրայնացվում են անձնական տվյալները։ Այս ամենը հաշվի առնելով` փորձեցինք մի այնպիսի լուծում գտնել, որ այսուհետ քաղաքացիներն անհանգստանալու առիթ չունենան»։
Համակարգի ղեկավարը չի բացառում, որ այս որոշումը կարող է որոշակի դժվարություններ առաջացնել սահմանապահների աշխատանքում։ Մանուկյանը, սակայն, վստահեցնում է, որ դրանք այնքան ակնառու չեն լինի։
Նշենք, որ հունվարի 22-ից Հայաստանում ուժի մեջ են մտել Covid-ի նոր սահմանափակումները։ Այսուհետ հանրային սննդի օբյեկտներ, հյուրանոցներ, մարզադահլիճներ, գրադարաններ, թանգարաններ, թատրոններ, համերգային և կինոդահլիճներ մուտքը թույլատրվում է միայն պատվաստված կամ վերջին 72 ժամում ՊՇՌ թեստ ներկայացնող քաղաքացիների համար։