Նիկոլ Փաշինյանն ու Վլադիմիր Զելենսկին միմյանց շնորհավորական նամակներ են հղել

Նիկոլ Փաշինյան. Արխիվային լուսանկար
Շնորհավորական նամակներ են միմյանց հղել նաև Հայաստանի և Ուկրաինայի արտաքին գործերի նախարարները։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 26 հունվարի – Sputnik. Հայաստանի և Ուկրաինայի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի կապակցությամբ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին միմյանց շնորհավորական նամակներ են հղել: Տեղեկությունը հայտնում է Ուկրաինայում ՀՀ դեսպանատունը։
Փաշինյանը նամակում նշել է, որ անցած երեք տասնյակ տարվա ընթացքում Երևանի և Կիևի համատեղ ջանքերով ձևավորվել է իրավապայմանագրային հենք։

«Այս ընթացքում ստեղծվել են միջխորհրդարանական փոխգործակցության համապատասխան մեխանիզմներ, շարունակվել են մշակութային և հումանիտար բնագավառներում համագործակցության առաջմղմանը միտված ջանքերը»,– գրել է ՀՀ վարչապետը:

Նա հույս է հայտնել, որ հայ-ուկրաինական հարաբերությունները 2022 թ.-ի համատեղ գործնական քայլերի շնորհիվ կշարունակեն զարգանալ՝ ի նպաստ մեր ժողովուրդների դարավոր բարեկամության:
Զելենսկին էլ իր հերթին համոզմունք է հայտնել, որ Ուկրաինան և Հայաստանը ունեն բավարար ներուժ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բոլոր ոլորտներում փոխշահավետ գործընկերություն հաստատելու համար։
Հայկական TV-ների հետքերով. Ուկրաինայում մի քանի ալիքներ չեն ցուցադրել Զելենսկու ուղերձը
Շնորհավորական նամակներ են միմյանց հղել նաև Հայաստանի և Ուկրաինայի արտաքին գործերի նախարարներ Արարատ Միրզոյանն ու Դմիտրո Կուլեբան: