ԵՐԵՎԱՆ, 26 հունվարի - Sputnik. Մոսկվան թույլ չի տա քննարկումներում «թաթախել» անվտանգության երաշխիքների վերաբերյալ առաջարկները և պատասխան միջոցներ կձեռնարկի, եթե Արևմուտքն անտեսի Ռուսաստանի պահանջները: Այս մասին այսօր` հունվարի 26-ին, Պետդումայում հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին։
«Եթե կառուցողական պատասխան չլինի և Արևմուտքը շարունակի իր ագրեսիվ քաղաքականությունը, ապա Մոսկվան, ինչպես բազմիցս հայտարարել է նախագահը (Վլադիմիր Պուտինը,–խմբ.), անհրաժեշտ պատասխան միջոցներ կձեռնարկի»,- նշել է Լավրովը:
2021 թվականի վերջին Ռուսաստանը հրապարակել է ԱՄՆ-ի հետ պայմանագրի և անվտանգության երաշխիքների վերաբերյալ ՆԱՏՕ-ի հետ համաձայնագրի նախագծերը։ Մոսկվան արևմտյան գործընկերներից պահանջում է, մասնավորապես, ՆԱՏՕ-ի հետագա ընդլայնումից դեպի արևելք հրաժարվելու, Ուկրաինայի` դաշինքին չմիանալու և հետխորհրդային երկրներում ռազմակայաններ չստեղծելու վերաբերյալ իրավաբանական երաշխիքներ: Առաջարկությունները ներառում են նաև Ռուսաստանի սահմանների մոտ ՆԱՏՕ-ի հարվածային սպառազինություններ չտեղակայելու և Արևելյան Եվրոպայում դաշինքի ուժերի հետքաշման մասին կետ:
Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև առաջին հանդիպումը, որը նվիրված էր ռուսական նախաձեռնությունների շուրջ երկխոսությանը, տեղի է ունեցել հունվարի 10-ին` արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարների տեղակալների մակարդակով: Այնուհետև հաջորդել են Բրյուսելում Ռուսաստան-ՆԱՏՕ խորհրդի նիստը և ԵԱՀԿ Վիեննայի հարթակում կոնսուլտացիաները:
Հունվարի 21–ին Ժնևում կայացել են Ռուսաստանի և ԱՄՆ-ի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարներ Սերգեյ Լավրովի և Էնթոնի Բլինկենի բանակցությունները: