ԵՐԵՎԱՆ, 26 հունվարի – Sputnik. Հրետակոծության հետևանքների վերացմանն ուղղված աշխատանքների շրջանակներում՝ Արցախի Հանրապետության Մարտունու շրջանի Կարմիր Շուկա և Թաղավարդ համայնքներում շարունակվում են բնակելի տների վնասված տանիքների կապիտալ վերանորոգման աշխատանքները։
Տեղեկությունը հայտնում են Արցախի քաղաքաշինության նախարարության մամուլի ծառայությունից։
Տվյալ համայնքներում գրեթե բոլոր տների տանիքները հիմնանորոգվում են, դրանց մի մասը վնասված են եղել նաև նախապատերազմական շրջանում։
Բացի տանիքներից, հրետակոծությունների արդյունքում վնասներ կրած առանձնատներում ևս իրականացվում են վերանորոգման աշխատանքներ, կամ, ըստ անհրաժեշտության, տեղում հիմքից կառուցվում է նոր առանձնատուն։
Կարմիր Շուկա և Թաղավարդ համայնքներում 44-օրյա պատերազմի ընթացքում մարդկային կորուստներ և անհետ բացակայող հարազատներ ունեցող ընտանիքների համար իրականացվում է նաև առանձնատների հիմնանորոգում։
Ներկայում, Թաղավարդ համայնքում արդեն կատարվել է 104 առանձնատան տանիքի կապիտալ վերանորոգում, շուտով կմեկնարկի ևս 41-ի աշխատանքը։ Կարմիր Շուկա համայնքում վերանորոգվել է 152-ը, առաջիկայում կվերանորոգվի ևս 104-ը։