Բումերանգի էֆեկտն աշխատելու է. Մանասերյանը` ՌԴ–ի դոլարային պահուստները կրճատելու մասին

«Այլընտրանք» հետազոտական կենտրոնի ղեկավար, տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր Թաթուլ Մանասերյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հայտարարությանը։
Sputnik
Քաղաքական լարվածության պայմաններում օտարերկրյա արժույթից կախվածությունը հնարավորինս պետք է մեղմացնել, և, ինչպես ցանկացած պետություն, Ռուսաստանի Դաշնությունը ևս, իր շահերից ելնելով, տնտեսական անվտանգության սպառնալիքների դեմ որոշակի քայլեր է կիրառում։ Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց տնտեսագետ Թաթուլ Մանասերյանը` անդրադառնալով ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի այն հայտարարությանը, որ Մոսկվան ձգտում է կրճատել դոլարային կախվածությունը։
«Հայտնի է, որ ամբողջ աշխարհում դոլարիզացիան բավական լուրջ ռիսկ է համարվում հատկապես ազգային արժույթների կայունացման առումով, Ռուսաստանը բացառություն չէ, և այն, ինչ փորձում են ձեռնարկել ՌԴ-ում, պետք է դիտարկել հենց այս տրամաբանության շրջանակում»,- նշեց նա։
Մանասերյանը կարծում է, որ մեր օրերում, երբ բոլոր գերտերությունները գործում են տնտեսական փոխկապվածության տրամաբանության մեջ, դժվար է պատկերացնել մի իրավիճակ, որ մեկ երկրի նկատմամբ կիրառված պատժամիջոցը մյուս երկրի համար վտանգներ չպարունակի։ Նույն իրավիճակն է նաև Ռուսաստանի և Միացյալ նահանգների դեպքում։

«Բումերանգի էֆեկտն անպայման աշխատելու է, ինչպես աշխատել է մինչ օրս։ Ավելին` մշտապես, երբ կիրառվել են պատժամիջոցներ, նույն ժամանակահատվածում ամերիկյան բիզնեսներն ավելացրել են իրենց ներդրումները ռուսական շուկայում, և կախվածությունն ակնհայտ է»,- հավելեց տնտեսագետը։

Հիշեցնենք, որ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովն այսօր, պատասխանելով Պետդումայի պատգամավորների հարցին, հայտնել է, որ ՌԴ-ն ձգտում է կրճատել կախվածությունը դոլարից, և այդ հարցում իրենց ակտիվ օգնում են ամերիկացիները, որոնք գրեթե ամեն ինչ անում են, որպեսզի խաթարեն վստահությունը այդ արժույթի նկատմամբ և այն ռիսկային դարձնեն ընդհանրապես միջազգային հաշվարկների համար, ոչ միայն ՌԴ-ի, այլև աշխարհի ցանկացած այլ երկրի համար։