Թաթոյանն ու Լույոն քննարկել են լրագրողների աշխատանքին վերաբերող հարցեր

Արման Թաթոյանը դեսպանին է ներկայացրել նաև 2021թ. դեկտեմբերին Ֆրանսիա իր այցի հետ կապված մանրամասներ, բարձրաձայնել հետպատերազմյան շրջանում ՀՀ բնակիչների իրավունքների և անվտնագության հարցը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 25 հունվարի – Sputnik. ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն ընդունել է Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Անն Լույոյին։ Թաթոյանը տեղեկությունը հայտնել է Facebook-ի իր էջում։
Հանդիպմանը քննարկվել են մարդու իրավունքներին առնչվող մի շարք հարցեր` լրագրողների մասնագիտական աշխատանքի, կանանց ու երեխաների իրավունքների և այլնի վերաբերյալ:
Արման Թաթոյանը դեսպանին է ներկայացրել 2021թ. դեկտեմբերին Ֆրանսիա իր այցի հետ կապված մանրամասներ։
Նա նշել է, որ Փարիզում կարևոր խորհրդակցություններ է անցկացրել Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարությունում: Դրանից բացի Հայ դատի հանձնախմբի հրավերով հանդիպումներ է ունեցել Ֆրանսիայի Սենատում Սենատի անդամների ու Ֆրանսիայի Ազգային ժողովի պատգամավորների, Ֆրանսիայի իրավունքների պաշտպանի, Լիոնի, Բուրգ Լե Վալանսի, Նիցցայի, Մարսելի, Դեսինի ղեկավարների հետ և այլն: Հանդիպումներ են եղել նաև հայկական սփյուռքի առաջնորդների հետ:
Արայիկ Հարությունյանն ու Անն Լույոն են հանդիպել. հայտնի է` ինչ են քննարկել
Արման Թաթոյանը դեսպանին տեղեկացրել է, որ այցի ընթացքում մանրամասն քննարկել է հետպատերազմական շրջանում մարդու իրավունքների վիճակի, Հայաստանի բնակիչների իրավունքների երաշխավորման նպատակով անվտանգության գոտու ստեղծման անհրաժեշտության հետ կապված հարցեր։
ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը շնորհակալություն է հայտնել դեսպանին, որ Ֆրանսիայի իշխանությունները Ֆրանսիայի հայ համայնքի իրավունքների հարցերն ուշադրության ներքո են պահում: