Իշխանությունը փորձում է փակել ԶՈւ-ի հետ կապված տեղեկատվական համակարգը. Աբրահամյան

Տիգրան Աբրահամյանը նշում է` իշխանության կողմից կան ազդակներ, որ իշխանության քիմքին ոչ հաճելի տեղեկությունները հրապարակային դարձնելը քրեական գործ հարուցելու պատճառ կարող է դառնալ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 25 հունվարի – Sputnik. Իշխանությունը փորձում է օգտվել զինված ուժերում որոշ հարցերի գաղտնիությունից ու ամբողջությամբ փակել համակարգը: Խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ նման կարծիք հայտնեց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը:
«Ոչ միայն զինված ուժերը, այլ նաև պետական կառավարման համակարգը տեղեկատվական առումով գնում է դեպի փակում: Ավելին, իշխանության կողմից ազդակներ կան, որ այն տեղեկությունների հրապարակային դարձնելը, որոնք իշխանության քիմքին հաճելի չեն, կարող են տարբեր քրգործերի հարուցման հանգեցնել»,-ասաց Աբրահամյանը:
Արցախյան 44-օրյա պատերազմը վերապրած զինվորները վերադառնում են տուն
Նրա խոսքով` սա խնդիր է զինվորների ընտանիքների համար, քանի որ կան զինծառայողների իրավունքների խախտումներ, որոնք չեն հանրայնացվում ու պատասխան չեն ստանում:
Ընդդիմադիր պատգամավորը նշեց, որ նախորդ տարվա ընթացքում, բացի սահմանագծում տեղի ունեցած ադրբեջանական սադրանքներից, գերեվարման դեպքերից, ԶՈւ-ում ունենք նաև ոչ կանոնադրական հարաբերությունների ընթացքում մահացած զինծառայողներ:
Ըստ բանախոսի՝ ԱԺ նիստերի ընթացքում հարցուպատասխանից պարզվեց` պաշտպանութան նախարարը չի տիրապետում, թե 2021 թվականի ընթացքում զինված ուժերում որքան կորուստներ են եղել: