Ռուսաստանցիները 2021–ին ամենից շատ Հայաստան են այցելել պատվաստվելու համար. հետազոտություն

Երևանում օտարերկրացի զբոսաշրջիկները կարող են պատվաստվել ցանկացած շարժական կետում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 25 հունվարի – Sputnik. Անցած տարի արտերկիր մեկնող ռուսաստանցիներն ամենից հաճախ Երևան են այցելել, ինչը կապված է նաև կորոնավիրուսի դեմ արագ և անվճար պատվաստվելու հնարավորության հետ։ 2021թ․-ին գագաթնակետին է հասել Հայաստանի, Ղրղզստանի, Բուլղարիայի և Խորվաթիայի ուղղությամբ տոմսերի վաճառքը, ՌԻԱ Նովոստիին են հայտնել տոմսերի գնման «Ozon Travel» կայքի մամուլի ծառայությունից:
Նշված երկրներում կարելի է կորոնավիրուսի դեմ պատվաստվել Առողջապահության համաշխարհային կազմակերպության կամ Եվրամիության կողմից հավանության արժանացած պատվաստանյութերով։

«Ozon Travel-ի տվյալներով՝ ռուսաստանցիները 2021 թվականին ամենից շատ այցելել են Երևան։ Պատվաստվելու համար Մոսկվայից Երևան կարելի է մեկնել ու վերադառնալ մեկ օրում. օրական մի քանի թռիչք կա։ Արտասահմանցիներին երկու պատվաստանյութ են առաջարկում՝ «Moderna» և «AstraZeneca», երկուսն էլ երկբաղադրիչ են, ուստի պետք է երկու անգամ այցելել, երկրորդ դեղաչափից հետո եվրոպական հավաստագիր կտրամադրեն»,- ասել են ծառայությունում։

Ընկերությունում մանրամասնել են, որ Երևանում զբոսաշրջիկները կարող են պատվաստվել ցանկացած շարժական կետում։ Ծառայությանը կարելի է նախապես գրանցվել «Early One» հավելվածի միջոցով։ Թռիչքի միջին արժեքը (մեկ ուղղությամբ) աշնանը կազմել է 9 հազար ռուբլուց ոչ պակաս, իսկ ձմռանն այդ թիվը հասել է 10 հազարի։ Ռուսաստանցիները Հայաստան կարող են գալ առանց վիզայի, ներքին անձնագրով, ժամանումից հետո պետք է ներկայացնեն ՊՇՌ թեստի պատասխան կամ պատվաստման հավաստագիր։
ՀՀ առողջապահության նախարարության մամուլի քարտուղար Հռիփսիմե Խաչատրյանը ՌԻԱ Նովոստիին ասել է, որ «Սպուտնիկ V»-ով պատվաստված օտարերկրյա քաղաքացիները կարող են երկրում նաև բուստերային դեղաբաժին ստանալ։