«Հայաստան» խմբակցությունը ՀՀ նախագահի իր թեկնածուին կառաջադրի. Արծվիկ Մինասյան

Իշխան Սաղաթելյանն ու Արծվիկ Մինասյանը
«Հայաստան» խմբակցության քարտուղարը շեշտեց, որ նախագահը չի կարող միայն քաղաքական մեծամասնության սրտի նախագահը լինել:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 25 հունվարի – Sputnik. «Հայաստան» խմբակցությունը ծրագրում է նախագահի իր թեկնածուին առաջադրել: Այսօր խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը հայտնեց` թեկնածությունը հիմնավորված կլինի:

«Առաջիկայում ավելի հստակ կներկայացնենք մեր չափանիշները. հիմա քննարկման փուլում ենք: Սակայն նախագահը չի կարող միայն քաղաքական մեծամասնության սրտի նախագահը լինել։ Նա պետք է ապահովի Սահմանադրությամբ ամրագրված մոտեցումների լիարժեք իրականացումը: Առաջիկայում կներկայացնենք մեր թեկնածուին իր հիմնավորումներով: Ամենակարևորն այն է, որ թեկնածուն չպետք է լինի կուսակցական»,-ասաց Մինասյանը։

Անդրադառնալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի ներկայացրած չափանիշներին, ըստ որի` նոր նախագահը պետք է ներդաշնակ աշխատի կառավարության և ԱԺ մեծամասնության հետ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանն ասաց, որ բավականին վտանգավոր էր հայտարարությունը, թե պետք է բոլոր ինստիտուտների միջև ներդաշնակեցում լինի։
Գրիգորյանի խոսքով` սա նշանակում է, որ Փաշինյանը հանրապետության նախագահ է ուզում է տեսնել մեկին, ով ընդհանրապես առարկություն չի հնչեցնի որևէ հարցի հետ կապված: Այսինքն՝ Փաշինյանն ուզում է նախագահի պաշտոնում տեսնել նրան, ով բացարձակ լուռ կմնա և անհաղորդ կլինի երկրում ստեղծված իրավիճակին։
ՀՀ նախագահի պաշտոնը թափուր չէ. ՔՊ-ական պատգամավորները` նոր թեկնածու առաջադրելու մասին
Հիշեցնենք, որ հունվարի 23-ին ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հրաժարական տվեց՝ հայտարարելով, որ չի կարողանում օգտագործել իր ներուժի գերակշիռ մասը ի նպաստ համակարգային ներքին և արտաքին քաղաքական խնդիրների լուծման:
Տարօրինակ էին լիազորությունների մասին փաստարկները. Թորոսյանը` նախագահի հրաժարականի մասին
Սարգսյանի խոսքով՝ իրեն խոստացել էին, որ նախագահական նոր ինստիտուտը ունենալու է գործիքներ և հնարավորություններ՝ ազդելու արտաքին քաղաքական և տնտեսական, ներդրումային քաղաքականության վրա, սփյուռքի հետ հարաբերությունների վրա, ինչպես նաև միջազգային ասպարեզում համազգային շահերն առաջ մղելու և նոր գիտակրթական ու բարձր տեխնոլոգիական միջավայր ձևավորելու համար: Բայց այդ խոստումներն իրականություն չեն դարձել։
Հույսերը չարդարացան, կամ նախագահը չգիտե՞ր, որ «անգլիական թագուհու» կարգավիճակում է լինելու