ԵՐԵՎԱՆ, 25 հունվարի – Sputnik. ՀՀ փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանը Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանի հետ քննարկել է մայրաքաղաքի զարգացման ծրագրերը: Տեղեկությունը հայտնում է կառավարությունը` նշելով, որ հանդիպումը կայացել է այսօր։
«Հանդիպման օրակարգը վերաբերել է Երևանի զարգացմանն ուղղված մի շարք ծրագրերի ու աշխատանքների կենսագործմանը, որը վարչապետ Նիկոլ Փաշինյանն առաջադրել էր քաղաքապետին վերջերս տեղի ունեցած հանդիպման ժամանակ։ Քննարկման առանցքում եղել են նաև «Հին Երևան» պատմաճարտարապետական միջավայրի ծրագրի իրականացմանը, հուշարձան շենքերի պահպանությանը զուգահեռ Երևանի 33-րդ թաղամասի (Ֆիրդուսի) կառուցապատմանը վերաբերող հարցեր»,-նշված է հաղորդագրության մեջ:
Անդրադարձ է կատարվել նաև ճանապարհաշինությանը, դպրոցաշինությանն ու մանկապարտեզաշինությանը, ինչպես նաև մայրաքաղաքի մաքրության ապահովման աշխատանքներին։
Մաթևոսյանն ընդգծել է, որ նման ձևաչափով քննարկումները կկրեն շարունակական բնույթ, իսկ մայրաքաղաքի զարգացման ծրագրերի իրականացումը կգտնվի իր ուշադրության կենտրոնում։
Հիշեցնենք, որ Հրաչյա Սարգսյանը մեկ ամիս առաջ է ստանձնել Երևանի քաղաքապետի պաշտոնը: 2021թ–ի դեկտեմբերի 22-ին Երևանի ավագանին արտահերթ նիստ հրավիրեց և անվստահություն հայտնեց Հայկ Մարությանին, որը քաղաքապետ էր ընտրվել 2018թ սեպտեմբերի 23-ին կայացած Երևանի ավագանու ընտրությունների արդյունքներով։ Նրա փոխարեն ավագանին քաղաքապետ ընտրեց Հրաչյա Սարգսյանին, որի երդմնակալության արարողությունը տեղի ունեցավ դեկտեմբերի 25–ին։