ՊՆ-ն առայսօր հրթիռների որակի հետ կապված որևէ խնդիր չի տեսնում. Տոնոյանի պաշտպաններ

Դավիթ Տոնոյան
Դավիթ Տոնոյանի պաշտպանները նշում են` հրթիռները ձեռք են բերվել նախորդ գնումից և գրավադրման արժեքից 100 ԱՄՆ դոլարով ավելի էժան:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 25 հունվարի – Sputnik. ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի փաստաբանական խումբը հայտարարում է՝ ՀՀ պաշտպանության նախարարությունն առայսօր հրթիռների որակի հետ կապված որևէ խնդիր չի տեսնում: Տոնոյանի պաշտպանները նման հայտարարությամբ են հանդես եկել` անդրադառնալով նախկին նախարարի դեմ հարուցված քրգործին:

«Ձեռք բերելու ժամանակ հրթիռները արտադրող երկրում գտնվել են շահագործման և պահպանման ժամկետներում, իսկ դրանց ժամկետները որոշող փաստաթղթերը ՀՀ զինված ուժերի կողմից հաշվի են առնվում որպես ուղեցույց և ոչ ավելին: Մեղադրանքի կողմը քննության ողջ ընթացքում միջոցներ չի ձեռնարկել հրթիռների անպիտանիությունը ապացուցելու համար, մասնավորապես համապատասխան փորձաքննություն չի կատարվել»,-ասված է հայտարարության մեջ:

Նշվում է նաև, որ մեղադրանքում ընդգրկված «խմբային շահ»-ը քրեական գործով որևէ կերպ չի ապացուցվել: Ավելին` ՀՀ պաշտպանության նախարարությունն ունի հնարավորություն երկարացնելու հրթիռների պահպանության ժամկետները (եթե ընդունենք, որ դրանց ժամկետներն անցած են):
Տոնոյանի պաշտպանները նշում են` հրթիռները ձեռք են բերվել նախորդ գնումից և գրավադրման արժեքից 100 ԱՄՆ դոլարով ավելի էժան: Իսկ ձեռքբերման ժամանակ ՀՀ պաշտպանության նախարարությունն ունեցել է դրանց խիստ պահանջ:
Միաժամանակ նշվում է նաև, որ Տոնոյանն իր երախտագիտությունն է հայտնել դատարանում անձնական երաշխավորությամբ հանդես եկած անձանց: Դավիթ Տոնոյանը դատարանի փոխարեն ներողություն է խնդրում վերջիններից, քանի որ իրենց երաշխավորությունը չի կարող անհրաժեշտ և բավարար սոցիալ-հոգեբանական և զսպիչ գործոն հանդիսանալ իր հնարավոր ոչ իրավաչափ վարքագծի սահմանափակման տեսանկյունից:
Դատախազության դիրքորոշումը զավեշտալի է. Դավիթ Տոնոյանի փաստաբան
Հիշեցնենք` սեպտեմբերի 30-ին ԱԱԾ–ն հայտնել էր, որ Դավիթ Տոնոյանն ու զենքի մատակարարմամբ զբաղվող Դավիթ Գալստյանը ձերբակալվել են առանձնապես խոշոր չափերի հափշտակություն կատարելու կասկածանքով։
Իսկ ավելի վաղ` սեպտեմբերի 25-ին, ԱԱԾ-ն տեղեկացրել էր, որ ԶՈւ ավիացիայի նախկին պետ Ավետիք Մուրադյանն է ձերբակալվել նյութական ծանր հետևանքների առաջացմամբ իշխանությունը չարաշահելու և պաշտոնեական կեղծիքներ կատարելու կասկածանքով։
Ըստ հաղորդագրության` նա ի պաշտոնե տեղյակ է եղել, որ դեռևս 2011 թվականին զենք և ռազմամթերք մատակարարող կազմակերպություններից մեկը ՀՀ է ներմուծել 1985-1991 թվականների արտադրության հրթիռներ։ Մատակարարումից որոշ ժամանակ անց հրթիռների մի մասը չեն կրակվել և դուրս են հանվել հաշվեկշռից, իսկ մնացածն ընդհանրապես չեն կիրառվել, այդ թվում՝ 2020 թվականի սեպտեմբերի 27-ին սկսված 44-օրյա պատերազմի ժամանակ:
Սեպտեմբերի 30-ից Տոնոյանն ու Գալստյանը կալանավորված են։
Այս գործով մեղադրանք է առաջադրվել նաև ԳՇ պետ Արտակ Դավթյանին, ԳՇ պետի նախկին տեղակալ Ստեփան Գալստյանին, ՀՀ ՊՆ ավիացիայի վարչության ավիացիոն տեխնիկական ունեցվածքի ծառայության պետ Արտյոմ Համբարյանին և ավիացիայի վարչության գլխավոր ինժեներ Վլադիմիր Բաբայանին:
Դավիթ Տոնոյանի պաշտպանները միջնորդել էին պաշտպանության նախկին նախարարին անձնական երաշխավորությամբ ազատ արձակել, սակայն դատարանը հունվարի 24-ին որոշեց կալանքի տակ թողնել նրան։
Տոնոյանին անձնական երաշխավորությամբ ազատ արձակելու միջնորդություն էին ներկայացրել «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Զավենի Սարգսյանը և ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներ Քրիստինե Պողոսյանն ու Վիլեն Գաբրիելյանը («Նավակ ճոճող»)։