ԵՐԵՎԱՆ, 25 հունվարի — Sputnik. Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնն ասել է, որ ներկա պահին չկա ՆԱՏՕ-ի ոչ մի անդամ, որը պատրաստ է մեծ զորակազմ ուղարկել Ուկրաինա։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին:
Ջոնսոնը նշել է, որ ՆԱՏՕ-ի զորքերը դժվար թե իրավիճակի սրման դեպքում ուղղվեն Ուկրաինա, քանի որ այն դաշինքի անդամ չէ:
«Ես գիտեմ, որ հուզական առումով շատերը համամիտ են դրա հետ։ Իհարկե, բնազդաբար շատերը կոչ կանեին Ուկրաինային ակտիվ ֆիզիկական աջակցություն ցուցաբերել ՆԱՏՕ-ի զորքերի տեսքով, բայց պետք է ասեմ՝ չեմ կարծում, որ դա մոտ ապագայում տեղի կունենա։ Ուկրաինան ՆԱՏՕ-ի անդամ չէ», - ասել Է Ջոնսոնը՝ ելույթ ունենալով խորհրդարանում։
Կիևը և արևմտյան պետությունները վերջին ժամանակներս մտահոգություն են հայտնում Ուկրաինայի սահմանների մոտ Ռուսաստանի կողմից «ագրեսիվ գործողությունների» իբր ուժեղացման կապակցությամբ: Ռուսաստանը բազմիցս հերքել է մեղադրանքները՝ հայտարարելով, որ ոչ մեկին չի սպառնում ու ոչ մեկի վրա չի պատրաստվում հարձակվել, իսկ «ՌԴ ագրեսիայի» մասին հայտարարություններն օգտագործվում են որպես պատրվակ՝ ռուսական սահմանների մոտ ՆԱՏՕ-ի ավելի շատ ռազմական տեխնիկա տեղակայելու համար:
ՌԴ ԱԳՆ-ում ավելի վաղ նշել էին, որ Արևմուտքի հայտարարությունները («ռուսական ագրեսիայի» և Կիևին պաշտպանվելու հարցում օգնելու հնարավորության մասին) և՛ ծիծաղելի են, և՛ վտանգավոր։ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն ասել է, որ Ռուսաստանը զորքեր է տեղափոխում իր տարածքի սահմաններում և իր հայեցողությամբ: Նրա խոսքով՝ դա ոչ մեկին չի սպառնում ու ոչ մեկին չպետք է անհանգստացնի։