Մտացածին բաներ են. ՔՊ-ական պատգամավորը` 102-րդ ռազմաբազան Գյումրիից հանելու լուրերի մասին

Գյումրու 102-րդ ռազմաբազան. Արխիվային լուսանկար
ՔՊ-ական պատգամավոր Վահագն Հովակիմյանն էլ հիշեցրեց, որ ռուսական ռազմաբազայի հետ պայմանագիրը մինչև 2049 թվականն է:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 25 հունվարի – Sputnik. ՔՊ-ական պատգամավոր Արթուր Հովհաննիսյանը հերքում է մամուլում շրջանառվող այն լուրերը, թե առաջիկայում ռուսական 102-րդ ռազմաբազան դուրս կբերվի Գյումրիից: Հովհաննիսյանն այդ մասին հայտարարեց խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ։
Ի՞նչ կլինի, եթե ռուսական 102-րդ ռազմաբազան դուրս բերվի ՀՀ–ից
Նշենք, որ լուրերի համաձայն` եթե հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հարցում ամեն բան հարթ ընթանա, չի բացառվում՝ առաջիկայում Գյումրու 102-րդ ռազմաբազան այնտեղից դուրս բերվի, քանի որ դրա կարիքը պարզապես չի լինի։
«Նախ պետք է ասեմ, որ Հայաստանը և Ռուսաստանը ռազմավարական դաշնակիցներ են: Ռուսական ռազմաբազան Գյումրիից դուրս բերելու առնչությամբ խոսակցությունները որևէ հիմք չունեն, այսինքն՝ այդ լուրերը մեկնաբանության ենթակա էլ չեն: Նման խոսակցություն մեր իրականության մեջ, ըստ էության, գոյություն չունի»,-ասաց Հովհաննիսյանը:
Հայաստանի ռուսական ռազմաբազայում սկսել են պատրաստվել «Սուվորովյան հարձակում» մրցույթին
Նա հավելեց նաև, որ նման լուրերը մտացածին են: Հովհաննիսյանը հիշեցրեց, որ այս պահին նոր սկսված խոսակցություն կա Հայաստանի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչների միջև: Իսկ դրա վերաբերյալ զարգացումների մասին համապատասխան գերատեսչությունները կտեղեկացնեն:
ՔՊ-ական պատգամավոր Վահագն Հովակիմյանն էլ հայտնեց, որ ռուսական ռազմաբազի հետ պայմանագիրը մինչև 2049 թվականն է, ուստի անհեթեթություն են նման լուրերը: