ԵՐԵՎԱՆ, 25 հունվարի – Sputnik. Արցախի Հանրապետության նախագահի հատուկ հանձնարարությունների գծով նախկին ներկայացուցիչ Բորիս Ավագյանն արդեն մեկ ամիս է, ինչ գտնվում է Մոսկվայի քրեակատարողական հիմնարկներից մեկում։ Տեղեկությունը հայտնում է «Հրապարակ» թերթը։
Թերթին հաջողվել է Ավագյանի կնոջ` Էլեն Ավագյանի միջոցով կապ հաստատել նրա հետ, որպեսզի պարզեն, թե ինչում են մեղադրում։
Ըստ պարբերականի` Ավագյանը մաքսային ծառայության ղեկավար Շուշանիկ Ներսիսյանի հետ կապված սկանդալային հայտարարություն է արել և խոստացել է նոր բացահայտումներ անել առաջիկայում։
«Հրապարակը» խոստանում է նրա սկանդալային հայտարարությունը հրապարակել վաղը։
Հիշեցնենք` դեկտեմբերի կեսերին համացանցում հայտնվեցին կադրեր, որոնցում երևում էր, թե ինչպես են Ավագյանին բերման ենթարկում ՌԴ–ում։