Նախագահ Արմեն Սարգսյանի հրաժարականը

Ինչո՞ւ հեռացավ Հայաստանի նախագահը. Արմեն Սարգսյանի «Կարիբյան ճգնաժամը»

Արմեն Սարգսյան
Հայաստանի նախագահի հրաժարականն իշխանության համակարգն ավելի մոնոլիտ կդարձնի։ Այլ բան է՝ ինչպիսին կլինեն նման «մաքրման» հետևանքները։
Sputnik
Աշոտ Սաֆարյան, Դավիթ Գալստյան
Հետաքննությունն ու ՀՀ նախագահի օտարերկրյա քաղաքացիության առկայության մասին տեղեկատվության «արտահոսքը» նոր գույներ են ավելացրել Արմեն Սարգսյանի հետաքրքրիր և նույնիսկ առեղծվածային կերպարի ներկապնակին։ Դատելով Hetq.am պարբերականի հրապարակումից՝ Սարգսյանն այս տարիների ընթացքում ունեցել է Սենթ Քիթս և Նևիսի քաղաքացիություն։ Դա Կարիբյան ավազանում փոքր պետություն է: Հայաստանի Սահմանադրությունը, ինչպես հայտնի է, արգելում է նախագահին երկքաղաքացիություն ունենալ։
Հոդվածը հրապարակվել է նախագահի հրաժարականից մեկ օր անց։ Հետաքննությունը վարում էր հայկական պարբերականի հետ համագործակցող OCCRP միջազգային ցանցը։ Նախագահն ինքն արդեն մեկնաբանել է հրապարակումը։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը դա չարեց։ Նա առցանց ճեպազրույցի ժամանակ հասկացրեց, որ նախագահի երկրորդ քաղաքացիության մասին լուրերին գնահատական չի տալու։
Այս հոդվածի նախապատրաստման ընթացքում հայտնի դարձավ, որ Ազգային անվտանգության ծառայությունը կստուգի նախագահի երկրորդ քաղաքացիության առկայությունը։
Հետաքրքիր է, որ նախագահն այժմ (ինչպես և հրաժարականի հայտարարության պահին) Հայաստանում չէ։ Նրա վերադարձը հարցականի տակ է թեկուզ միայն այն պատճառով, որ քրեական հետապնդման վտանգ կա Սահմանադրությունը խախտելու համար։
Կան մի շարք մանրամասներ, որոնց վրա կուզենայինք հրավիրել ընթերցողի ուշադրությունը։ Բանն այն է, որ նախագահի հրաժարականի մասին պաշտոնական հաղորդագրությունից շատ առաջ հայտարարվել էր վարչապետի առցանց ձևաչափով մամուլի ասուլիսի մասին, իսկ լրագրողների հարցերն ուղարկելու վերջնաժամկետը եղել է կիրակի (հունվարի 23) ժամը 20:00-ը:
«Արմենպրեսն» առաջինն է տեղեկացրել Սարգսյանի հրաժարականի մասին կիրակի օրը, ժամը 20:07-ին: Ստացվում է՝ լրագրողները չէին հասցնի վարչապետին հարցնել հրաժարականի մասին՝ հաշվի առնելով հիշյալ վերջնաժամկետը։ Սակայն ինչպես պարզվեց` ՏԱՍՍ գործակալությունը, այնուամենայնիվ, «հասցրել է» հետաքրքրվել՝ արդյոք Փաշինյանի թիմը քննարկում է նոր նախագահի թեկնածությունը, և արդյոք իշխող կուսակցությունը ֆավորիտ ունի: Ինչո՞ւ հանկարծ գործակալությունը նման հետաքրքրասիրություն ցուցաբերեց այն դեպքում, երբ ոչինչ չէր հուշում նախագահի հրաժարականի մասին։ Սակայն, ինչպես Sputnik Արմենիային հայտնի դարձավ` հրաժարական հայտարարելուց դեռ երկու օր առաջ նախագահն իր աշխատակազմի անդամներին խորհուրդ էր տվել նոր աշխատանք փնտրել։
Քաղաքագետ, Կովկասի ինստիտուտի փորձագետ Հրանտ Միքայելյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում չբացառեց, որ Սարգսյանի երկրորդ քաղաքացիության առկայության մասին տեղեկությունը կարող էր հրաժարականի պատճառներից մեկը լինել, թեև հետաքննությունը հրապարակվել է նախագահի որոշումից հետո: Ժամանակագրությունը տվյալ դեպքում նշանակություն չունի։ Նախ՝ Սարգսյանի քաղաքացիության խնդիրը քննարկվել է ողջ նախագահության ընթացքում (այն տարբերությամբ, որ այդ ամբողջ ընթացքում խոսվել է նրա` բրիտանահպատակ լինելու մասին)։ Երկրորդը՝ դատելով Hetq.am-ի հոդվածից` նախագահն արդեն գիտեր, որ OCCRP-ը Սենթ Քիթս և Նևիսի քաղաքացիությունը հաստատող տվյալներ ունի։ Հասկանալով, որ վաղ թե ուշ դա հայտնի կդառնա, նախագահը որոշեց հեռանալ։
Մեր զրուցակցի կարծիքով՝ նախագահի հեռանալու առաջնահերթ «շահառու» կարելի է համարել հենց Փաշինյանին։ Նրանք այս չորս տարիների ընթացքում այդպես էլ լեզու չգտան, բացի այդ, նախագահը որոշակի զսպող դեր էր կատարում։ Նման դեր մինչ օրս կատարում էր նաև Սահմանադրական դատարանը, ինչպես նաև մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը։ Բայց շատ շուտով գործադիր իշխանությանը զսպող այնպիսի գործոններ այլևս չեն լինի։ Նախագահը գնաց, ՍԴ-ում հիմնականում Փաշինյանին անհրաժեշտ մարդիկ են նստած, իսկ Թաթոյանի լիազորությունների ժամկետը փետրվարին լրանում է։

«Ըստ էության` գործադիր իշխանության համար համակարգի ներսում եղել են ինչ-որ զսպող մեխանիզմներ, հակակշիռներ։ Ու մենք տեսնում ենք, որ դրանք մեկը մյուսի հետևից անհետանում են։ Այս պայմաններում, երբ պատգամավորների ճնշող մեծամասնությունը իշխող խմբակցության անդամներ են, նախագահ ընտրելը նրանց համար դժվար չի լինի (պետության ղեկավարին ընտրում է խորհրդարանը, – խմբ.)։ Իսկ դա, ամենայն հավանականությամբ, կհանգեցնի այն բանին, որ կառավարության և նախագահի աշխատակազմի միջև այլևս ոչ մի բաժանում չի լինի», - ասում է քաղաքագետը։

Նախագահի ինստիտուտը գործառույթների ու իրավասության սահմանափակությամբ,այնուամենայնիվ, որոշակի չափով կայունացնում էր իրավիճակը։ Հիմա այդ ամենը չի լինի։ Կարճաժամկետ հեռանկարում դա ձեռնտու է Փաշինյանին, և նա հավանաբար կարծում է, որ Սարգսյանի հրաժարականն իր հաղթանակն է։ Սակայն երկարաժամկետ հեռանկարում իշխանության նման միատարրությունը բացասական հետևանքներ կունենա քաղաքական համակարգի և ընդհանրապես երկրի համար։ Փաշինյանի թիմում հիմնականում երիտասարդներ են, անփորձ, երբեմն էլ հակված են չմտածված քայլեր ձեռնարկել, և որևէ ինստիտուցիոնալ խոչընդոտի բացակայությունը շատ վտանգավոր հետևանքներով է հղի։
Քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանը ՀՀ նախագահի հեռանալը կապում է առաջիկա սահմանադրական բարեփոխումների և կառավարման ձևի փոփոխության հետ։ Թեև Նիկոլ Փաշինյանը հայտարարում է, որ կողմ չէ կիսանախագահական համակարգին անցնելուն , բայց կյանքը ցույց է տալիս, որ դա ոչ մի բանի չի խանգարում։
Ոչ մի կոշիկ, կոստյում, գլխարկ. Փաշինյանը չթաքցրեց, թե որ Սահմանադրությանն է կողմ
«Ժամանակին Սերժ Սարգսյանն էլ էր հայտարարում, թե դեմ է խորհրդարանական ձևին, բայց երկիրն անցավ դրան։ Կարծում եմ՝ Արմեն Սարգսյանը հասկանում էր, որ մի քանի ամիս անց կարող է կորցնել իր պաշտոնը, ուստի որոշել է չսպասել հանգուցալուծմանը։ Առավել ևս, որ նա մինչ այդ, ամենայն հավանականությամբ, ստիպված կլինի որոշակի փաստաթղթեր, համաձայնագրեր ստորագրել», - ասաց Հակոբյանը։
Նման ցանկություն նա չունի և չի ուզում կիսել պատասխանատվությունը։ Սարգսյանն արդեն ասել է, որ եթե իշխանությունն ուզում է փոխել կառավարման ձևը, ապա ինքը չի խանգարի և հրաժարական կտա։
Սարգսյանի որոշման համար խթան կարող էր դառնալ Սենթ Քիթս և Նևիսի քաղաքացիության առկայության մասին հետաքննությունը։ Հակոբյանը չի կարծում, որ հետաքննության հրապարակումը պատահական է հենց այս պահին եղել։

«Բայց մի նրբություն կա. հետաքրքիր է, որ հետաքննությունն իրականացվել է հետաքննիչների միջազգային ցանցի շրջանակում։ Հարց է առաջանում՝ ի՞նչ համատեքստում է դա ի հայտ եկել, ի՞նչ գործի շրջանակում է այդ մասին հայտնի դարձել», - ասում է փորձագետը։

Ինչ վերաբերում է Սարգսյանի պաշտոնանկությանը Նիկոլ Փաշինյանի արձագանքին, ապա նրա համար դա շարքային իրադարձություն է։ Եթե նա որոշել է փոխել Սահմանադրությունը, ապա Սարգսյանի հեռանալը միայն ժամանակի հարց էր։
Քանի որ վարչապետը ձգտում է նախագահի ինստիտուտի, գործադիր և օրենսդիր իշխանության միջև «ներդաշնակության» ձևավորմանը, այդ տեսանկյունից նախագահի հեռանալը ձեռնտու է միայն Փաշինյանին։
Նոր նախագահը միանշանակ վարչապետի թիմից կլինի։ Ու թեև Սարգսյանը ռազմավարական խնդիրներ չէր ստեղծում, վարչապետի թիմը որոշակի անհարմարություն էր զգում։ Իսկ առայժմ պատկերացում չկա՝ ում է իշխանությունը տեսնում նախագահի պաշտոնում։
Նախագահի հրաժարականը, նոր ընտրություններ. ովքե՞ր կարող են հավակնել այդ պաշտոնին
«Չեմ բացառում, որ «Քաղաքացիական պայմանագրի» որևէ կարկառուն ներկայացուցիչ կհայտարարի իր անդամակցությունը «սառեցնելու» մասին, ու նրան որպես նախագահի թեկնածու կառաջադրեն»,-նշեց Հակոբյանը:
Բայց եթե սահմանադրական փոփոխություններ լինեն, թեկնածուն ժամանակավոր կլինի։ Դրա համար էլ չի բացառվում, որ նա կարող է լինել մերձիշխանական շրջանակներից, մասնավորապես՝ վարչապետին սատարող կուսակցություններից։
Ինչ վերաբերում է Արմեն Սարգսյանին, ապա նրա հետագա քաղաքական ակտիվությունը միայն նրա ցանկություններից ու ամբիցիաներից չէ, որ կախված է։ Նա գլոբալ ինստիտուցիոնալ համակարգի ներկայացուցիչ է, նրա քայլերը պայմանավորված են (և՛ տարածաշրջանում, և՛ երկրում) ուժային կենտրոնների, ֆորմալ և ոչ ֆորմալ կառույցների կողմից իրականացվող նախագծերով։

«Արմեն Սարգսյանը լուրջ կշիռ ունի որոշակի աշխարհաքաղաքական և աշխարհատնտեսական շրջանակներում, որոնց բիզնես շահերն արտացոլվում են քաղաքական շահերի վրա։ Չի բացառվում, որ տարածաշրջանում փոփոխությունները կհանգեցնեն Սարգսյանի հետևում կանգնած կենտրոնների շահերի առաջացմանը», - նշեց Հակոբյանը։

Այդ դեպքում նա կարող է քաղաքական ակտիվություն ցուցաբերել Հայաստանում։ Ամենայն հավանականությամբ` խոսքը ոչ թե որպես առաջին դեմք հանդես գալու, այլ լիբերալ դաշտում ինչ-որ կոնֆիգուրացիայի գործունեության մասին է։
Այն դեռ ձևավորված չէ, բայց արդեն հնչեցվում են անուններ, որոնք կարող են իրենց գտնել այս նոր կառուցվածքում։ Կա ընտրազանգված, որը չի աջակցում ո՛չ իշխանությանը (մի մասը հեռացել է նրանցից), ո՛չ էլ համակարգային ընդդիմությանը։ Հենց այնտեղ կարող է իրեն դրսևորել Արմեն Սարգսյանը։