ՌԱԴԻՈ

ՀՀ–ի և Թուրքիայի միջև չվերթերի դեպքում հայկական կողմը չի շահի. Խաչատրյան

Ավիացիայի ոլորտի փորձագետ Նավիկ Խաչատրյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է Թուրքիայի կառավարության մտադրությանը, ըստ որի` թուրքական կողմը ծրագրում է թռիչքներ բացել դեպի Հայաստանի տարբեր շրջաններ և ընդլայնել առևտրային կապերը Երևանի հետ։
Sputnik

Հայաստանը 2013 թվականի հոկտեմբերից վարում է բաց երկնքի քաղաքականություն, ուստի ցանկացած երկիր դիմում է մեր քաղավիացիայի վարչությանն ու ստանում դեպի մեր երկիր թռիչքներ իրականացնելու թույլտվություն։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս մասին հիշեցնում է ավիացիայի ոլորտի փորձագետ Նավիկ Խաչատրյանը։
Հայաստանի և Թուրքիայի միջև ավիաթռիչքների վերականգման կոնտեքստում մասնագետը նկատում է, որ ավիացիոն բոլոր կարգավորումներն ու օրենքները գործում են, որևէ շահի ոտնահարում տեղի չի ունենում։
«Եթե որոշված է, որ մեր հարաբերությունները Թուրքիայի հետ պետք է կարգավորվեն և կիրառվեն ազատականացված տնտեսության կանոնները, ապա չենք կարող չկատարել կառավարության որոշումը։ Տնտեսական առումով ավիաթռիչներն իհարկե որոշակի օգուտ կբերեն Հայաստանին, որտեղ միայն Երևանի «Զվարթնոց» և Գյումրու «Շիրակ» օդանավակայաններն են պատրաստ սպասարկել նման թռիչքներ և օդանավեր ընդունել արտերկրից, այդ թվում` Թուրքիայից»,– ասաց ավիացիայի ոլորտի փորձագետը։
Անդրադառնալով հարցին, թե կարո՞ղ է արդյոք Կապանի օդանավակայանն ընդգրկվել այդ նախագծում, Խաչատրյանն ընդգծեց, որ մոտակա երկու տարիներին նման բան չի կարող լինել, որովհետև չկան համապատասխան ենթակառուցվածքներ։
Օդանավակայանը միայն թռիչքուղին չէ, այն պետք է ունենա համարժեք գործիքակազմ արտերկրի օդանավերը սպասարկելու և ուղևորների հարմարավետ տեղաշարժն ապահովելու համար, ինչն այս պահին Կապանի օդանավակայանն ի զորու չէ իրականացնել։
Հնարավոր է՝ այս տարի ՀՀ-ն և Թուրքիան դիվանագիտական հարաբերություններ հաստատեն․ Փաշինյան
«Կապանի ենթակառուցվածքները մեծ ցանկության և ներդրումների դեպքում կարող են գործել առնվազն երկու–երեք տարի հետո։ Հայաստանի և Թուրքիայի միջև ավիաթռիչքների պարագայում դեռ չեմ տեսնում հայկական կողմի շահավետության հեռանկարը, քանի որ մենք ունենք չորս ավիաընկերություն, մնացածը թղթի վրա են, առավել ևս, որ նշված չորսից երկուսը նոր պետք է սկսեն իրենց գործունեությունը։ Հայտարարվել է դեպի Թուրքիա կատարվելիք թռիչքների մասին, բայց դեռ ֆինանսատնտեսական հստակ հաշվարկներ չեն ներկայացվել»,– Խաչատրյանը։
Նրա կարծիքով` հստակ է միայն այն, որ թուրքական ավիաընկերությունը պետք է Հայաստանի օդային տարածքը հատելու համար վճարի նավիգացիոն գումար, որը գոյանում է` կախված կիլոմետրաժից և օդանավերի քաշից, սակայն այդ գումարի մի մասը Հայաստանից գնալու է դուրս, մնալու է միայն օդակայանների տարածքում իրականացվող ծառայություններից գոյացող գումարը։ Եվ քանի որ Երևանի, Գյումրիի օդանավակայանները համապատասխան պայմանագրերով տրված են կոնսեսիոն կառավարման, ուստի այդ առումով էլ մեծ գումարներ չեն մտնի Հայաստանի պետբյուջե, դրանք կանցնեն կոնսեսիոներին, այսինքն` դուրս կգան Հայաստանից։
Էրդողանն ընդունել է Թուրքիայի հայկական հիմնադրամների միության նախագահին
Նշենք, որ Թուրքիայի նախագահի վարչակազմում արտաքին քաղաքականության շուրջ անցկացված փակ քննարկումների ժամանակ թուրքական կողմը նպատակադրվել է թռիչքներ բացել դեպի Հայաստանի տարբեր շրջաններ և ընդլայնել առևտրային կապերը Երևանի հետ։
Ավելի վաղ Թուրքիայի քաղավիացիայի վարչությունը հայտնել էր, որ Հայաստանի հետ ավիահաղորդակցությունը կսկսվի փետրվարի 2-ից, չվերթերը կիրականացվեն շաբաթական երեք անգամ: Թուրքիան Երևան-Ստամբուլ-Երևան թռիչքներ իրականացնելու իրավունք է տվել հայկական «Flyone Armenia» ավիաընկերությանը, Հայաստանի քաղավիացիան էլ նույն ուղղությամբ չվերթեր իրականացնելու թույլտվություն է տվել թուրքական «Pegasus»–ին։